Բաժին. Բիզնես

Ֆիննական Nokia ընկերությանը դեռևս չի հաջողվում դուրս գալ ճգնաժամից

Բջջային հեռախոսների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը՝ ֆիննական Nokia-ն, ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները:

Հրապարակված ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում ընկերությունը կրել է 91 մլն եվրոյի զուտ վնաս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 10,5 անգամ:

Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային վաճառքի ծավալները կրճատվել են 22%-ով և կազմել 5,66 մլրդ եվրո: Գործառնական շահույթը կազմել է 118 մլն եվրո:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ Microsoft-ը մտադիր է գնել ֆիննական Nokia ընկերության՝ բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող բիզնես-միավորը: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 7,17 մլրդ ԱՄՆ դոլար: Գործարքը, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2014 թվականի առաջին եռամսյակում, ենթադրում է արտոնագրերի օգտագործման և բջջային սարքավորումների արտադրության իրավունքի փոխանցում:

Բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող բիզնես-միավորի վաճառքից հետո Nokia-ն մտադիր է իր ուժերը կենտրոնացնել բիզնեսի մյուս ուղղություններում: Ընկերությունը նախատեսում է, մասնավորապես, առավել մասնագիտանալ նավիգացիոն համակարգերի մշակման ոլորտում:

Ֆիննական Nokia ընկերությունը, որը ժամանակին համարվում էր բջջային հեռախոսների համաշխարհային շուկայի առաջատարը, վերջին տարիներին, չդիմանալով սուր մրցակցությանը, հայտնվել էր ճգնաժամային իրավիճակում:

2013 թվականի երկրորդ եռամսյակում Nokia ընկերության արտադրած բջջային հեռախոսների վաճառքի ծավալները գրանցել էին ռեկորդային անկում:

Share