Բաժին. Բիզնես

HSBC-ն ներդրողներին խորհուրդ է տալիս ցուցաբերել զգուշավորություն

Հնարավոր է, որ 2014 թվականի ընթացքում զարգացող շուկաների կայուն աճը դեռևս բավարար չլինի այդ շուկաների ակտիվների նկատմամբ մեծ ներդրումային ախորժակ ստեղծելու համար: Նման գնահատական է ներկայացրել HSBC բանկն իր «Զարգացող շուկաները 2014թ-ին. զգուշավոր քայլեր անկայուն տնտեսության միջավայրում» զեկույցում:

Բանկի կողմից իրականացված հետազոտության համաձայն՝ զարգացող շուկաներում տնտեսության անկայունությունը կշարունակի մնալ բարձր մակարդակի վրա, սակայն հավանական է, որ զարգացող շուկաների ակտիվների գծով ցածր, բայց դրական եկամուտներ գրանցվեն:

Ըստ բանկի վերլուծաբանների՝ այս տարի զարգացող շուկաներում հիմնական ռիսկերը կապված կլինեն ԱՄՆ դոլարի ավելի բարձր փոխարժեքներից, ինչպես նաև զարգացող խոշոր երկրների ներքին քաղաքական խնդիրներից, որոնք կարող են ի հայտ գալ ընտրությունների արդյունքում:

HSBC բանկի գնահատմամբ՝ 2013 թվականը զարգացած երկրներում ներդրում իրականացնողների համար «սառը ցնցուղի» էր նման, քանի որ կտրուկ փոփոխվում էին ակտիվների տարբեր դասերի հետ կապված ռիսկերը: Բանկը չի բացառում, որ այս տարի նման միտումը կարող է կրկնվել: Միևնույն ժամանակ, HSBC-ն ակնկալում է, որ 2014թ.-ը կլինի տնտեսության դանդաղ վերականգնման տարի, ուստի ներդրողներին խորհուրդ է տալիս իրենց քայլերում լինել զգուշավոր, քանի որ տնտեսությունը դեռ շարունակում է մնալ անկայուն:

«Ներդրողները պետք է զգուշանան քաղաքական ռիսկերից. մասնավորապես, այսպես կոչված, «Փխրուն հնգյակ»-ի երկրներում՝ Բրազիլիա, Թուրքիա, Հնդկաստան, Ինդոնեզիա և Հարավային Աֆրիկա, որտեղ այս տարի ընտրություններ են անցկացվելու: Թայլանդն ու Ուկրաինան կարող են աչքի ընկնել առավել զանգվածային բողոքի ակցիաներով, ոչ ուղղափառ քաղաքականությունը Արգենտինայում և Վենեսուելլայում կարող է առաջացնել նոր կապիտալի հոսքեր», – նշվում է զեկույցում:

Բանկի վերլուծաբանները նաև կարծում են, որ զարգացող երկրներում ակտիվների տարբեր դասերից ամենաուժգին հարվածն իրենց վրա կվերցնեն տեղական պարտքային գործիքները, քանի որ ազգային արժույթների անկայունությունը խոչընդոտում է ներդրումների հոսքին:

Սպասվում է, որ 2014թ.-ին զարգացող շուկաների ՀՆԱ-ի աճի տեմպը կավելանա մինչև 4.9%՝ ի տարբերություն 2013թ.-ի համար կանխատեսված 4.5%-ի: Բանկն աճի տեմպի արագացում է կանխատեսում Մեքսիկայում, Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում, Թայվանում, Թայլանդում, Հարավային Աֆրիկայում և Մորոկոյում: Չինաստանում աճը կլինի մինչև 7.4%: Թուրքիայում, Վենեսուելլայում, Արգենտինայում, Ֆիլիպիններում, Պակիստանում և Ինդոնեզիայում աճի տեմպը կդանդաղի:

Բանկի գնահատմամբ՝ համաշխարհային տնտեսության ընդհանուր աճի 75%-ը կապահովեն զարգացող շուկաները. ծանրակշիռ փաստարկ այդտեղ մնալու և ներդնելու համար:

Բանկի պարզաբանմամբ՝ այն երկրներում, որտեղ ինֆլյացիան բարձր է՝ Հնդկաստան, Հարավային Աֆրիկա, Ինդոնեզիա, Բրազիլիա և Թուրքիա, տնտեսության բարելավմանն ուղղված քայլերը սահմանափակ են. Բրազիլիայում և Թուրքիայում 2014թ.-ի ընթացքում սպասվում է տոկոսների կտրուկ աճ:

Share