Բաժին. Բիզնես

Բջջային կապի օպերատորները՝ խոշոր հարկատուների ցանկում

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսվա արդյունքներով Հայաստանի բջջային կապի օպերատորները հայտնվել են մեր երկրի խոշոր հարկատու 30 ընկերությունների ցանկում, ընդ որում` երկուսը ընդգրկվել են առաջին տասնյակում:

Այսպես, «Ղ-Տելեկոմ» ընկերությունը (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ) հաշվետու երեք ամսում պետական բյուջե է վճարել 0,811 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր և հայտնվել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի 30-րդ հորիզոնականում:

Վճարված հարկերի ցուցանիշով «Օրանժ-Արմենիա»-ն հայտնվել է 10-րդ հորիզոնականում: Ընկերությունը հունվար-մարտ ամիսներին պետբյուջե է վճարել 1,475 մլրդ ՀՀ դրամ:

Վճարված հարկերի ցուցանիշով բջջային օպերատորներից առաջատարը «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» («Արմենտել», Beeline) ընկերությունն է: Վերջինս հունվար-մարտին բյուջե է վճարել 4,237 մլրդ ՀՀ դրամ և ճանաչվել է Հայաստանի 3-րդ խոշոր հարկատուն:

Նշենք նաև, որ 2013 թվականին Վիվասել-ՄՏՍ-ը, «Արմենտել»-ը և «Օրանժ-Արմենիա»-ն Հայաստանի պետբյուջե էին վճարել համապատասխանաբար 30,1 մլրդ ՀՀ դրամի, 15.4 մլրդ ՀՀ դրամի և 3,2 մլրդ ՀՀ դրամի հարկեր և հայտնվել Հայաստանի խոշոր հարկատուների ընդհանուր ցանկի 3-րդ, 5-րդ և 37-րդ հորիզոնականներում:

Share