Բաժին. Բիզնես

Ներկայացվել է Mercedes-Benz-ի E դասի նոր սերունդը

Ամերիկյան Դետրոյթ քաղաքում ընթացող ավտոշուի շրջանակներում գերմանական Daimler-ը ներկայացրել է Mercedes-Benz-ի E դասի նոր սերունդը։ Մեքենայի անվային բազան 2939 մմ է, ինչը նախկին մոդելից ավել է 65 մմ-ով, իսկ երկարությունն աճել է 43մմ-ով և կազմել 4923 մմ։

Մեքենայի կրուիզ-կոնտրոլն աշխատում է մինչև 210 կմ/ժ արագությունը։ Արգելակման ավտոմատ համակարգը կարողանում է տարբերակել խցանումները։ Evasive Steering Assist համակարգը թույլ է տալիս շրջանցել ճանապարհին հանկարծակի հայտնված հետիոտնին։ E դասի մոդելը հնարավոր է կայանել սմարթֆոնի միջոցով, մեքենայում նաև ներդրված է Car-to-X համակարգը, որը թույլ է տալիս տեղեկատվություն ստանալ շրջադարձերի հետևում թաքնված մեքենաների մասին։ Pre-Safe Sound համակարգն իր հերթին ձայնային ազդանշել է տալիս՝ զգուշացնելով հետիոտնին բախման մասին։ Պետք է նշել, որ մեքենայում հայտնված ավտոմատ մոդուլները մեկ քայլ առաջ են դեպի ամբողջական ավտոմատ երթևեկությունը։

Մեքենան սմարթֆոնի հետ է միանում NFC-ի միջոցով, ինչը հնարավություն է տալիս սմարթֆոնը վերածել թվային բանալու։ Բացի դրանից սմարթֆոնի միջոցով կարելի է կառավարել մուլտիմեդիա համակարգը։ Սմարթֆոնը նաև ավտոմատ կերպով միանում է մեեքենայի ալեհավաքին, ինչը ուժեղացնում է ծածկույթը։ Մեքենայում ներդրված է նաև անլար լիցքավորման համակարգ։

Մեքենայի թողարկման պահին հասանելի կլինի երկու տարբերակ՝ E 200 և E 220d: Բենզինային շարժիչի ծավալը 2 լիտր է, այն ունի 184 ձիաուժ հզորություն, դիզելիային շարժիչի ծավալը նույնպես 2 լիտր է, իսկ հզորությունը՝ 195 ձիաուժ։ Այնուհետ տարբերակները կավելանան այլ մոդիֆիկացիաներ՝ E 400 4Matic և E 350e։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share