Բաժին. Բիզնես

Ռուսաստանի Լյուքս դասի մեքենաների շուկայում գերակայում է Mercedes-Benz Maybach S-Class ներկայացուցչական մոդելը

Ռուսական Ավտոստատ գործակալության հրապարակած տվյալների համաձայն 2016թ․-ի առաջին եռամսյակում Ռուսաստանի լյուքս դասի մեքենաների շուկան անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճել է 25%-ով։

Հատկանշական է, որ լյուքս դասի մեքենաների վաճառքների 70%-ից ավելին բաժին է ընկել Mercedes-Benz Maybach S-Class ներկայացուցչական մոդելին, որը համարվում է MayBach մեքենաների իրավահաջորդը։ Առաջին եռամսյակի ընթացքում Ռուսաստանում վաճառվել է 221 Mercedes-Benz Maybach S-Class, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 43%-ով։

Լյուքս դասի մեքենաների շուկայում երկրորդ ամենավաճառվող մակնիշը Bentley-ն է՝ 45 մեքենա։ Երրորդ տեղում է Rolls-Royce-ը՝ 20 մեքենա։ Վաճառվել է նաև 10 Maserati, 5 Ferrari և 3 Lamborghini: Ընդհանուր առմամբ առաջին եռամսյակում վաճառվել է 304 լյուքս դասի մեքենա։

Զարմանալի է, որ չնայած ճգնաժամին, Ռուսաստանի լյուքս դասի մեքենաների շուկան տարեցտարի աճում է։ Անցյալ տարվա առաջին կիսամյակում վաճառվել է 545 մեքենա, ինչը 2014թ․-ի համանման ցուցանիշից ավել է 95%-ով։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share