Բաժին. Բիզնես

Կայացավ «Ժամանակակից հանքարդյունաբերությունը Հայաստանում» խորագրով բիզնես համաժողով

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Երևանում կայացավ բիզնես-համաժողով՝ «Ժամանակակից հանքարդյունաբերությունը Հայաստանում» խորագրով: Համաժողովը նպատակ ուներ վեր հանելու կենսունակ հանքարդյունաբերությանն առնչվող կարևորագույն հարցերը և քննարկելու ոլորտում գործող ամերիկյան ընկերությունների փորձն ու աշխարհում առկա առաջատար լուծումները, որոնք կօգնեն բարձրացնել հանքարդյունաբերության արտադրողականությունը և արդյունավետությունը Հայաստանում: Համաժողովն, ընդհանուր առմամբ, միտված էր Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը և, մասնավորապես, Հայաստանի հանքարդյունահանողների և առաջատար ամերիկյան ընկերությունների միջև գործարար կապերի ձևավորմանը:

Համաժողովը, որը համատեղ կազմակերպել էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, HSBC բանկը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, համախմբել էր հանքարդյունաբերության ոլորտում գործող 7 ամերիկյան առաջատար ընկերությունների և 35 հայկական ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև պետական պաշտոնյաների, ոլորտի մասնագետների, փորձագետների և շահագրգիռ այլ կողմերի:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը: Բանախոսներն ընդգծեցին, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է, ամենամեծ մասնաբաժինն ունի երկրի արտահանման կառուցվածքում, և հաշվի առնելով վերջին զարգացումները հանքարդյունաբերության շուկայում, նոր ներդրումների հոսքը լեռնահանքային ոլորտ և ժամանակակից հանքարդյունաբերության նկատմամբ աճող հետաքրքրությունը՝ մեծացրել է հանքարդյունաբերության արտադրողականության, արդյունավետության և արդիականացման հարցերի քննարկման կարևորությունը:

«Հանքարդյունահանումը, եթե կատարվում է պատասխանատու ու թափանցիկ կերպով և միջազգային բնապահպանական ու սոցիալական ամենաբարձր նորմերին համահունչ, կարող է լինել հաջող և շահավետ ներդրում Հայաստանի ժողովրդի համար: Կենսունակ հանքարդյունահանումը՝ նորագույն տեխնոլոգիաների ու սարքավորումների կիրառմամբ անվտանգ կլինի հանքարդյունաբերության աշխատողների համար ու հնարավորություն կտա ապահովելու Հայաստանի բնության պահպանությունը», – իր խոսքում նշեց դեսպան Միլսը՝ ընդգծելով, որ հանքարդյունաբերության ոլորտն իրական հնարավորություններ ունի Հայաստանի համար. կան հաջող հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ, որոնք արդեն գործում են և ձգտում ընդլայնել իրենց գործունեությունը, և համաժողովի նպատակն է օգնել ընկերությունների հետագա աճին՝ միաժամանակ պահպանելով երկրի բնական գեղեցկությունը և աշխատուժի պաշտպանվածությունը:

Նախարար Սուրեն Կարայանն իր ողջույնի խոսում նշեց, որ Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանը՝ կիրառելով «բաց դռների» քաղաքականություն և գործողության մեջ դնելով արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, արտահանման դիվերսիֆիկացմանը և արտաքին շուկաների ընդլայնմանն ուղղված մի շարք ոլորտային քաղաքականություններ:

HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարն իր խոսքում կարևորեց համաժողովի շրջանակում հանքարդյունաբերության ոլորտի միտումների և միջազգային մոտեցումների քննարկումը, ինչը, ըստ Փոլ Էդգարի, կնպաստի Հայաստանում սոցիալապես պատասխանատու և կայուն հանքաարդյունաբերության զարգացմանը:

«Հանքարդյունաբերությունը չափազանց կարևոր դեր ունի և այսօրվա հասարակության հիմնական կարիքները բավարարելու հիմնաքարն է: Հանքարդյունաբերությունը ներառում է հետախուզման, արդյունահանման, ինչպես նաև օգտակար հանածոների համալիր արդյունաբերական աշխատանքներ, որոնք անհրաժեշտ են պղնձի, ոսկու կամ այլ մետաղների արտադրման համար, որոնք Հայաստանն արտադրում է՝ հիմնականում արտահանման նպատակով: Սակայն, եթե չկարողանանք այդ աշխատանքներն իրականացնել պատասխանատու ձևով, ապա դրանք կարող են անընդունելի բացասական ազդեցություն ունենալ մարդկանց եւ շրջակա միջավայրի համար», – նշեց HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենը՝ ընդգծելով, որ HSBC-ն ողջ աշխարհում հանդիսանում է հանքարդյունաբերության և մետաղագործության ոլորտի կողմնակիցը:

«Մեր նպատակն է ապահովել, որ մեր հաճախորդները գործեն միջազգային փորձի և նվազագույն չափանիշների համաձայն: Մենք գիտակցում ենք, որ չհետևելու և անուշադրության դեպքում շրջակա միջավայրին հասցվող վնասը և կլիմայի փոփոխությունը բացասական ազդեցություն կունենան մեր հաճախորդների, համայնքների ու շրջակա միջավայրի վրա, որոնց վրա արդեն ավելի քան 150 տարի կառուցվել է HSBC-ի բիզնեսը: Եթե HSBC-ն ցանկանում է հաջողել իր հավակնություններում, որն է օգնել մարդկանց իրականացնել իրենց նպատակները, ապա պարտավորություն ունի նաև կարևոր դեր խաղալու՝ այդ մարտահրավերները հաղթահարոլու գործում», – հավելեց Փոլ Էդգարը:

Համաժողովի շրջանակում ներկայացվեցին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի իրավիճակն ու հեռանկարները, հանքարդյունաբերության արդյունավետության բարձրացման և բնապահպանական հարցերում ամերիկյան առաջատար ընկերությունների փորձը, ինչպես նաև աշխատողների անվտանգության բարձրացմանն ուղղված ժամանակակից լուծումները և տեխնոլոգիաները: HSBC բանկի հրավիրյալ մասնագետ Անդրյու Ռոբինսոնը, ով հանդիսանում է Ապրանքահումքային գծով արևտրի ֆինանսավորման ղեկավար Միացյալ Թագավորությունում և Ֆրանսիայում, ներկայացրեց բանկի կողմից առաջարկվող առևտրային ֆինանսավորման լուծումները՝ նախատեսված հանքարդյունաբերության ոլորտի հաճախորդների և իրենց մատակարար ցանցերի համար:

Share