Բաժին. Բիզնես

SolarOn. Հայաստանում բացվում է արևային վահանակներ արտադրող առաջին գործարանը

Ամենաարևային երկրում արևային էլեկտրաէներգիան այժմ ավելի հասանելի կդառնա: Հայաստանում մեկնարկել է արևային վահանակներ արտադրող առաջին գործարանը:

Հունիսի 29-ին Երևանում տեղի կունենա SolarOn-ի՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանի պաշտոնական բացումը: Ընկերությունը աշխատում է տեստային ռեժիմում այս տարվա գարնանից և արդեն իրականացրել է արտադրական և բնակելի տարածքների համար արևային կայանների տեղադրման մի շարք նախագծեր: Արևային փոքր էլեկտրական կայան տեղակայվել է նույնիսկ Երևանի կենտրոնում գտնվող բնակելի բարձրահարկ շենքի տանիքին:

Հայաստանի արևային ներուժը, ըստ NASA-ի տվյալների, ամենաբարձրներից մեկն է տարածաշրջանում և կազմում է տարեկան 1760-1800 կՎտժ /մ²: Այս պայմանները բավարար են արևային էներգիայի արտադրության բարձր մակարդակ ապահովելու համար և 5-7 տարիների ընթացքում արևային կայանի տեղադրման ծախսերի ետգնման համար: Սա նշանակում է, որ 30 տարի վահանակների շահագործման ժամկետի պայմաններում մինի-կայանի սեփականատերը գրեթե 25 տարի չի վճարի ոչ մի դրամ օգտագործված էլեկտրաէներգիայի համար:

Ինչպես նշեց SolarOn-ի հիմնադիր Արթուր Ալավերդյանը, արևային էներգետիկայի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ կարող է լուծել էներգետիկ կախվածության խնդիրը և զրոյացնել սպառողների էլեկտրաէներգիայի ծախսերը:

«Ես, որպես գիտնական և գործարար, իմ առաքելությունը Հայաստանի զարգացման գործում տեսնում եմ բարձր տեխնոլոգիաների ներգրավման և ներդրման մեջ, հատկապես այնպիսի տեխնոլոգիաների, որոնք լուծում են առավել սուր խնդիրներ յուրաքանչյուր քաղաքացու, բիզնեսի և Հայաստանի համար: Համոզված եմ, որ SolarOn-ը կդառնա արդյունաբերության զարգացման խթան, և մեր փորձը օրինակ կծառայի շատ այլ ներդրողների համար», – ասաց Արթուր Ալավերդյանը: 

SolarOn-ի սկզբնական ներդրումները կազմում են մոտ 2 մլն ԱՄՆ դոլար: Սակայն, ինչպես տեղեկացնում է ներդրողը, շուկայի կայացման հետ ներդրումների ծավալը կաճի մի քանի անգամ, դրա հետ մեկտեղ աստիճանաբար կնվազի Հայաստանում արտադրվող արևային վահանակների արժեքը: Այսօր, 1,5 կՎտ հզորությամբ արևային մինի-կայանը, որը կարող է արտադրել ամսական մոտ 200 կՎտժ էլէկտրաէներգիա, կարժենա 1,5-1,7 հազար դոլար:

Ըստ SolarOn-ի հիմնադրի, տեղական բանկերն արդեն ներքաշվել են նախագծի մեջ արդյունաբերական պատվիրատուների համար լիզինգի տրամադրման, ինչպես նաև ֆիզիկական անձանց վարկավորման առաջարկով: Սակայն, արևային վահանակներ արտադրողը միայն հայկական շուկայում կանգ առնել չի պատրաստվում: Ընկերությունը նախատեսում է կարճ ժամկետում հայկական ապրանքանիշը դուրս բերել հարևան երկրներ և Եվրոպա:

———————–

Արթուր Ալավերդյան. գիտնական-ֆիզիկոս, ձեռնարկատեր, էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ոլորտում մի շարք ընկերությունների հիմնադիր. SolarOn ընկերության հիմնադիր, FAST հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology) համահիմնադիր:

SolarOn արևային վահանակներ արտադրող և տեղադրող ընկերություն. Ընկերությունը, գտնվում է ք. Երևան, Արշակունյաց պող. 25/1 հասցեում: Գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 10 ՄՎտ, աշխատակիցների քանակը լրիվ արտադրոական ծանրաբեռնվածության դեպքում՝  50 մարդ:

Արևային էլեկտրական կայանը մի համակարգ է, որը թույլ է տալիս արևային էներգիան փոխակերպել էլեկտրականի և օգտագործել կենցաղային և արդյունաբերական նպատակներով: Կայանը ներառում է արևային վահանակներ, փոխակերպիչ և տեղադրման համար անհրաժեշտ մետաղական դետալներ:

Share