Բաժին. Բիզնես

Պայթյուն Հյուսիսային պողոտայի Burger King-ում՝ կան տուժածներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների և օպերատիվ խմբերը:

Պայթյունը տեղի է ունեցել Burger King արագ սննդի ցանցի կենտրոններից մեկում: Նախնական տվյալներով, տուժել է 7 մարդ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը։

«Տեղեկությունները խիստ նախնական են և կարող են փոխվել։ Տուժածների թվում երեխաների առկայության մասին տեղեկությունները ճշտվում են։ Պատճառները դեռևս հայտնի չեն», – ասաց նա։

21։28 – ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 7 տուժած (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ), ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

21:31– ԱԻՆ-ից հայտնում են, որ պայթյունի հետևանքով տուժածների թիվը 9-ն է:

Share