Բաժին. Բիզնես

Հունիսի 6-ին Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է, նա կդառնար 101 տարեկան

Այսօր, հունիսի 6-ին, ամերիկահայ հայտնի գործարար, ՀՀ ազգային հերոս Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է, նա կդառնար 101 տարեկան։ Քըրքորյանի մասին հաճախ գրում են. «Մարդ, ով ինքն է ստեղծել իրեն», «Լաս Վեգասի արծիվ»:

Հետաքրքիր փաստեր Քըրք Քըրքորյանի մասին.

– Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում:

– Գումար սկսել է վաստակել 9 տարեկանից՝ թերթեր վաճառելով:

– 8-րդ դասարանում թողել է դպրոցը: Զբաղվել է բռնցքամարտով:

– 23 տարեկանում ստացել է օդաչուի որակավորում և շուրջ 2,5 տարի ծառայել Մեծ Բրիտանիայի օդային ուժերում՝ ռազմական ինքնաթիռներով չվերթներ իրականացնելով Կանադայից Եվրոպա: Յուրաքանչյուր թռիչքի դիմաց ստացել է 1000 ԱՄՆ դոլարի աշխատավարձ: Ծառայության ընթացքում կուտակած գումարներով էլ Քըրքորյանը կատարել է իր առաջին քայլերը բիզնեսի աշխարհում:

– Քըրքորյանի առաջին խոշոր գնումը եղել է Cessna ինքնաթիռը, որով նա սկսել է մասնավոր չվերթներ իրականացնել: Հետագայում նա 60 հազար ԱՄՆ դոլարով գնել է Los Angeles Air Service չարթերային ավիաընկերությունը, որը մի քանի տարի անց վաճառել է 104 միլիոն դոլարով:

– 1965 թվականին Քըրքորյանը դարձել է ԱՄՆ Հեռահաղորդակցությունների արդյունաբերական միության սեփականատերը: Քըրքորյանի «շնորհիվ» ԱՄՆ-ում բնակվող հայերը սկսել են գնել այս միության արժեթղթերը, ինչի արդյունքում արժեթղթերի գինը աճել է մի քանի անգամ՝ Քըրքորյանի համար ապահովելով զգալի եկամուտներ:

– Քըրքորյանի ամենահաջող գործարքը համարվում է Լաս Վեգասում 960 հազար ԱՄՆ դոլարով հողատարածքի գնումը: Այս հողատարածքի առանձին հատվածները տալով վարձով՝ Քըրքորյանը վեց տարում, մինչ հողատարածքի վաճառելը, աշխատել է մոտ 4 միլիոն ԱՄՆ դոլար:

– Քըրքորյանի խոշոր բիզնես նախագծերից մեկը՝ MGM հյուրանոցը, համարվում է Լաս Վեգասում կառուցված հանգստի և ժամանցի առաջին մեգա-համալիրը: Հետագայում Լաս Վեգասում Քըրքորյանը իրականացնում է մի քանի այլ խոշոր ներդրումային նախագծեր:

– Քըրքորյանը ներդրումային հետաքրքրություններից շրջանակում հայտնվել է նաև հոլիվուդյան կինոարտադրությունը: Քըրքորյանը գնել է Metro Goldwyn Mayer կինոընկերության, ինչպես նաև United Artists-ի, Columbia Pictures-ի և 20th Century Fox-ի բաժնետոմսեր:

– 1980-ականներին Քըրքորյանը դարձել է ամերիկյան Chrysler ընկերության, հետագայում նաև General Motors ընկերության բաժնետեր:

– Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001 թվականից մինչն այսօր 151 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, 21 մլն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։

– Քըրքորյանը մահացել է 2015թ. հունիսի 15-ին։ Ամերիկյան Forbes պարբերականի գնահատմամբ՝ Քըրք Քրքորյանի կարողությունը կազմում էր շուրջ 4.2 մլրդ ԱՄՆ դոլար:

– ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քըրքորյանին անվանում էր «Արքա» և մշտապես նշում, որ անչափ համակրում է նրան։

Share