Categories: Բիզնես

Մեգերյան Կարպետ. Հայաստանը և հայկական մշակույթը ճանաչելու ամենակարճ ուղիներից մեկը

Երևանում կան բազմաթիվ պատմական և մշակութային հարուստ ժառանգություն ունեցող վայրեր, որտեղ նույնիսկ ժամանակն է կանգ առել։ Այդպիսի կենտրոններից է «Մեգերյան Կարպետ»-ը, որտեղ կարելի է սեփական աչքերով տեսնել հին հայկական ավանդական գորգագործության ամենավառ ու հարուստ նմուշները։ Այն զուտ գորգերի արտադրությամբ զբաղվող ընկերություն չէ, այլ մշակութային կենտրոն, որտեղ յուրաքանչյուր զբոսաշրջիկի կներկայացվի Հայկական լեռնաշխարհում ապրող հայ ժողովրդի հարուստ ավանդույթների և բազմադարյան պատմության մասին։

«Բիզնես 24»-ի թղթակիցը հնարավորություն ունեցավ հայտնվելու զբոսաշրջիկի կարգավիճակում և մասնակցելու տեղեկատվական զբոսայցին՝ «Մեգերյան կարպետ» ընկերության արտադրության և կոմերցիոն տնօրեն Լեոնիդ Անդրեասյանի ուղեկցությամբ։ Զբոսայցը սկսվում է նախասրահից, որտեղ ներկայացվում է ընկերության մեկ դարյա պատմությունը, գորգագործությանն առնչվող առանձնահատկությունները և այլ հետաքրքիր փաստեր․ Մեգերյան ընտանիքը հրաժարվելով սովետական միության ժամանակ տիրապետող պարսկական հանգույցից՝ անցում է կատարել դեպի հայկական կրկնակի հանգույց։ Բացի այդ, գորգերի ստացման համար օգտագործվող ներկանյութերը բացառապես ստացվում են բնական հումքից։ Օրինակ՝ թթի ծառից ստացվում է բաց դեղին գույնը, ընկույզի կանաչ կեղևից՝ շականակագույն, անթառամ ծաղկից՝ մուգ դեղին, նռան կեղևից՝ սրճագույն, տորոնի արմատից՝ կարմիր, ինդիգոյից՝ կապույտ։ Կարևոր է նշել, որ այս բոլոր գույներր բրդյա թելերին ամրեցնելու նպատակով օգտագործում են 4 տեսակի բնական ամրացուցիչ, ապահովելով գույների երկարակեցությունը, որոնցից են՝ գինեքարը և շիբը։ Մյուս երկուսի մասին մեզ այդպես էլ չպատմեցին, քանի որ դրանք համարվում են ընկերության գաղտնիք։

Նախասրահում մեզ միացավ սիրիահայ զբոսաշրջիկների խումբ, որոնց նույնպես ներկայացվեց այն ամենն, ինչ մեզ։ Ապա միասին շարժվեցինք դեպի գորգագործման սրահ, որտեղ հնարավորություն ընձեռնվեց մասնակցելու գորգի գործման բուն ընթացքին։ Աշխատանքն, իհարկե, շատ բարդ է, սակայն աշխատակիցներն այն կատարում էին նվիրումով և բարձր տրամադրությամբ։ Գորգն ավարտելուց հետո այն ուղարկվում է գորգի մշակման սրահ, որտեղ յուրաքանչյուր գորգ լվացվում,սանրվում և խուզվում է՝ ապահովելով ձեռագործ գորգի բարձր որակը։ Մշակման արտադրամասից հետո մեզ էր սպասում «Հովհաննես և Նոյեմի Մեգերյանների» անվան հին գորգերի թանգարանը, որտեղ տեղ է գտել Մեգերյան ընտանիքի անձնական հավաքածուի մի մասը։ Առաջին գորգը, որը ներկայացվեց 160 տարեկան Վահանագորգն էր իր հուզիչ պատմությամբ՝ ցեղասպանության ժամանակ ճարահատյալ մայրը, բաժանելով այն երկու մասի, տվել է իր աղջիկներին, որ վերջիններս կարողանան իրար գտնել և այդպես էլ պատահել է, 50 տարի անց քույրերն իրար վերագտել են ի շնորհիվ գորգի երկու հատվածների ։ Մյուս գորգը, որը ցանկանում եմ ներկայացնել Վասպուրական գորգն է 400 տարեկան, այն համարվում է թանգարանի ամենահին նմուշը։ Այստեղ էր նաև աշխարհի ամենահին գորգի՝ Պազիրիկի կրկնօրինակը, բնօրինակը ցուցադրվում է Էրմիտաժ թանգարանում՝ մ․թ․ա 5-4 դար։

Այնուհետև մեզ սպասում էր նոր գորգերի բազմերանգ ցուցասրահը։ Բազմաթիվ նմուշների կողքին ցուցադրված էր Լոռի գորգը, որը պատրաստվելու է 100 օրինակով և Մեգերյան ընտանիքի որոշմամբ նվիրվելու է նշանավոր մարդկանց, ովքեր մեծ ավանդ են ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ։ Բացի այդ այստեղ վաճառվում են տարատեսակ գորգերի նախշերով պատրաստած արծաթյա զարդեր, որոնք «Մեգերյան Կարպետ»-ի և սիրիահայ ոսկերիչ Հակոբ Մոմջյանի համագործակցության արդյունք են։

Զբոսաշրջիկներին հնարավորություն է ընձեռնված մասնակցել նաև լավաշի պատրաստման գործընթացին։

Լուսանկարները՝ Canon EOS 200D

Canon կորպորացիան և Հայաստանում Canon-ի պաշտոնական գործընկեր Ֆայն ընկերությունը ներկայացնում են Cashback ակցիան։

Առաջարկի շրջանակներում Ֆայն խանութից (ք. Երևան, Արշակունյաց 9/4, հեռ. +374 11 300 300) կամ Fine – Duty Free (fine.am) հարթակից գնելով Canon-ի նշված տեսականին գնորդները կստանան մինչև 174,000 դրամ արժեքով Cashback վաուչերներ, որոնք կարող են օգտագործվել Ֆայն խանությում կամ fine.am կայքում հետագա գնումներ կատարելիս։ Առաջարկը գործում է մինչև հուլիսի 31-ը։

Share