Բաժին. Բիզնես

Եվգենի Բելոուսով. Հայկական շուկայում ընդգծված առաջատարներ կան, ինչը մեզ ոչ թե անհանգստացնում, այլ մոտիվացնում է ավելի լավը դառնալ

«Bolt» տրանսպորտային ընկերությունը մտնում է հայկական շուկա։ «Bolt»-ի մասին Հայաստանում հավանաբար քչերը գիտեն, հիմնականում նրանք, ովքեր հաճախ են այցելում եվրոպական երկրներ։ «Bolt»-ն աշխատում է 30 երկրի առավել քան 100 քաղաքում։ «Bolt» հավելվածի օգտատերերը հնարավորություն ունեն արագ և մատչելի երթևեկել քաղաքում ինչպես պատվիրված ավտոմեքենաներով, այնպես էլ սկուտերներով։

«Bolt» ընկերությունը հիմնադրվել է 2013-ին Էստոնիայում և համարվում է ամենաարագ զարգացող տրանսպորտային ընկերություններից մեկը Եվրոպայում և Աֆրիկայում։ Ներառում է ներդրումներ այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են «Daimler»-ը, «Didi Chuxing»-ը, «Korelya Capital»-ը։ Ընկերության ներդրողներից է նաև «TransferWise»-ի համահիմնադիր Տաավետ Հինրիկուսը։

«Bolt»-ի աշխատակիցները՝ ընկերության հիմնադիր Մարկուս Վիլլիգի գլխավորությամբ հոգում են, որ իրենց ծառայությունները որակյալ և հարմար լինեն թե վարորդների, թե հաճախորդների համար՝ զուգահեռաբար չաղտոտելով շրջակա միջավայրը։ Ընկերության ներկայացուցիչները սկզբունքորեն խուսափում են «տաքսի ծառայություն» եզրույթից. «Bolt»-ը շուկայում դիրքավորվում է որպես քաղաքային երթևեկության հարթակ։

Տեղական շուկայում «Bolt»-ի նորամուտի առիթով զրուցել ենք ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Եվգենի Բելոուսովի հետ։

– Առաջին անգամ եք Հայաստանում։ Արդեն ծանոթացե՞լ եք երկրին։

– Հայաստանի տեսարժան վայրեր դեռ չեմ այցելել։ Ընկերս հասցրել է այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Ծիծեռնակաբերդ։ Տպավորված էր։ Հույս ունեմ՝ դեռ կհասցնեմ գոնե մի քանի թանգարան այցելել։

– Դե, «Bolt»-ի մուտքը Հայաստան հնարավորություն կտա առավել հաճախ այցելել Հայաստան, հետևաբար հաստատ կհասցնեք։ Իդեպ, պետք է խնդրեմ մի փոքր պատմեք ընկերության մասին։

– «Bolt»-ը հիմնադրվել է 2013-ին։ Սկզբում այլ անվանում ուներ՝ «Taxify»։ Մեր հաջողության գաղտնիքը նպատակին հասնելու ուղղությամբ արված համառ ու ճիշտ մտածված քայլերն էին։ Մեկնարկային երկիրն Էստոնիան էր։ Հիմա մենք ներկայացված ենք աշխարհի շուրջ 35 երկրում։ «Bolt» քաղաքային երթևեկության հարթակն այս պահին միավորում է առավել քան 20 միլիոն հաճախորդի և 1 միլիոնից ավել վարորդի։

– Ինչո՞վ ձեզ հետաքրքրեց Հայաստանը։ Ինչո՞ւ որոշեցիք ներկայացված լինել նաև հայկական շուկայում։

– Տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն էր, որտեղ մենք ներկայացված չէինք։ Ստացվում է, որ մեր այստեղ գալն այլևս անխուսափելի էր ու մենք դա համարեցինք հնարավորություն մեկնարկի համար։ Հայկական շուկան բազմազան է, բայց այդքանով հանդերձ նկատել ենք, որ ընտրության հնարավորության ընդլայնման կարիք էլ կա։ Այսքանով «Bolt»-ի մուտքը հայկական շուկա արդարաձված եմ համարում. Ամեն դեպքում կշահեն թե վարորդները, թե հաճախորդները։

– Ի՞նչ պայմաններով են ձեզ հետ համագործակցում վարորդներն, ու ի՞նչ սակագներ են սահմանված հաճորդների համար։

– Սակագնային ճկուն համակարգ ունենք։ Կարծում եմ՝ հաճախորդը սակագնից դժգոհելու առիթ չի ունենա։ «Bolt»-ն էֆեկտիվ է նաև բյուջետային տնտեսման առումով։ Մենք հարգում և գնահատում ենք մեր վարորդներին, այնպես որ հուսով եմ՝ մեզնից վարորդները նույնպես չեն դժգոհի։ «Bolt»-ը տեղական շուկայում իր մրցակիցներից 50%-ով ավելի ցածր կոմիսոն պահումներ է անում։ Ընկերության վարորդների թիվը Երևանում արդեն անցնում է 2000-ը։

– «Green plan» նախաձեռնությունն եք իրականացնում։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, որո՞նք են այդ ռազմավարության նպատակները։

– Մենք աջակցում ենք բոլոր այն երկրների բնապահպանական ծրագրերին, որտեղ աշխատում ենք։ Առանց այն էլ օդի ու շրջակա միջավայրի աղտոտման թեման օրակարգային է մեր մոլորակի համար։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ յուրաքանչյուրս պատասխանատու լինենք մեր թողած հետքի համար։ «Bolt»-ը յուրաքանչյուր ուղևորությունից որոշակի գումար է հատկացնում բնապահպանական նախաձեռնությունների համար։ Ուշագրավ եմ համարում մեր այսօրինակ նախաձեռնության իրականացումը Հնդկաստանում, Մերձբալթյան երկրներում։

– Այս նախաձեռնությունն ուշադրություն գրավելու նպատա՞կ ունի։ Ի վերջո, Հայաստանում դեռ «Bolt»-ին առանձնապես ծանոթ չեն, մինչդեռ հայկական շուկայում խոշոր խաղացողներ կան։

– Խոշոր խաղացողների առկայությունը մեզ դուր է գալիս։ Սա առաջին անգամը չէ, երբ մուտք ենք գործում մի շուկա, որտեղ արդեն կան այս ոլորտը ներկայացնող հայտնի և պահանջված ընկերություններ։ Եղել են երկրներ, որտեղ մեզ վստահեցրել են, թե չենք կարող արդյունքի հասնել, բայց կարճ ժամանակում մեզ հաջողվել է դառնալ այդ շուկայի երկրորդ խաղացողը, որոշ դեպքերում նույնիսկ առաջատարը։ Այնպես որ մենք ուրախ ենք գործել հայկական շուկայում, որտեղ կան ընդգծված առաջատարներ։ Դա մեզ ոչ թե անհանգստացնում, այլ մոտիվացնում է ավելի լավը դառնալ։

– Ակնկալում եք Հայաստանում դառնալ տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերությունների լոկոմոտի՞վը։

– Այո, տեսնենք՝ ինչպես կստացվի։ Մենք հավակնոտ ծրագրեր ու սկզբունքներ ունենք։ Մրցակցությունն առհասարակ լավ է. Դրանից, որպես կանոն, շահում է հաճախորդը։ Մենք նաև ընդլայնում ենք մեր ծառայությունների շրջանակը, ասենք՝ առաքման ծառայության իրականացումը, տրանսպորտային միջոցների վարձակալումը։

– Բայց կարծես թե տաքսի ծառայությունն է զբաղեցնում ձեր բիզնեսի առյուծի բաժինը։

– Այո, այն բավականին եկամտաբեր է, բայց մենք մյուս ճյուղերը զարգացնելու ցանկություն էլ ունենք։

– Կարծում եք՝ կհաջողվի գրավել հայկական շուկան։ Այստեղ հաճախորդը պահանջկոտ է և դժվար է բավարարել հաճախորդին։

– Մենք գազանանոցից չենք դուրս եկել։ Արդեն բավարար փորձ ունենք նկատելու հաճախորդի կարիքները, պահանջներն ու ակնկալիքները։ Հայաստանում մեր թիմը հայերից է կազմված, այսինքն, այստեղ հաճախորդի հետ չեն աշխատելու մարդիկ, որոնք ծանոթ չեն տեղի երթևեկության խնդիրներին, հաճախորդի պահանջներին։ Մեր թիմը հավաքագրելու է կարծիքներ ու առաջարկներ, որպեսզի ծառայության որակն առավել բարելավի, որպեսզի վարորդները քաղաքավարի և ուշադիր լինեն, երթևեկությունն անվտանգ լինի և խնդիրներ չառաջանան երթևեկության մյուս մասնակիցների հետ։

– Հայաստանում ասում են՝ օրենքը խախտելու համար է։

– Արդեն հասցրել եմ նկատել։ Օդավակայանից Երևանի կենտրոն եմ եկել տաքսով։ Նստելուն պես շոշափեցի ու չգտա ամրագոտին, շրջվեցի ու նկատեցի, որ չկա. Պոկված է։ Վարորդն ասաց՝ ինչիդ է պետք։ Հասկանո՞ւմ եք, կարգապահություն է պետք։ Անվտանգության մասին պետք է հոգա և վարորդը, և ուղևորը։ Հուսով եմ՝ այս առումով էլ մեզ կհաջողվի իրավիճակ փոխել Երևանում։

– Մեկնարկակետը Երևա՞նն է։

– Առայժմ այո։ Հետո կընդարձակենք մեր ցանցը դեպի այլ համայնքներ և, ինչպես արդեն ասացի, կընդարձակենք մատուցվող ծառայությունների ցանկը։

Share