Ամերիկացի Քիթ Ջոնսոնը մեղադրել է SpaceX և Tesla ընկերություններին, ինչպես նաև դրանց հիմնադիր Իլոն Մասքին, «կրիպտոարժութային բուրգ» Dogecoin (DOGE) առաջխաղացնելու համար։ Հայցվորը պահանջում է իրեն վճարել 258 միլիարդ դոլար՝ որպես վնասի փոխհատուցում, գրում է Bloomberg-ը։
«Ամբաստանյալները ստով և խաբեյությամբ պնդում են, որ Dogecoin-ը համարվում է օրինական ներդրում, այն դեպքում, երբ ակտիվը ոչ մի արժեք չունի։»,- ասվում է Մանհեթենի դաշնային դատարան ներկայացված հայցի մեջ։
Ըստ գործակալության՝ Ջոնսոնը ցանկանում է ներկայացնել անհատների այն խմբի շահերը, որոնք 2019 ապրիլից սկսած գումար են կորցրել առևտրի կամ էլ DOGE-ի մեջ ներդրումներ կատարելու ընթացքում։
Հայցվորը պահանջում է 86 միլիարդ դոլարի փոխհատուցում անել իրեն և վճարել եռակի փոխհատուցում 172 միլիարդ դոլարի չափով։ Ներդրողը խնդրում է Մասքին և իր ընկերություններին արգելել Dogecoin-ի առաջխաղացումը, ինչպես նաև հայտարարել, որ այդ կրիպտոարժույթի վաճառքը համարվում է «ազարտային խաղ»։
Մասքը ակտիվորեն առաջխաղացրել է մեմ-կրիպտոարժույթը։ 2022 թվականի ապրիլին բիզնեսմենը առաջարկել է նվազեցնել Twitter Blue-ի բաժանորդագրության արժեքը և օգտատերերին հնարավորություն ընձեռել պրեմիում-սպասարկման համար վճարել DOGE-ով։
Հունվարին Tesla-ն սկսեց Dogecoin բրենդային ապրանքների վաճառքը։ Նախկինում ընկերությունը վաճառում էր իր էլեկտրոմեքենաները բիթքոինով, սակայն արդյունքում հրաժարվեց վճարման այդ տարբերակից։
Հիշեցնենք, որ մայիսին միլիարդերը քննադատել էր Dogecoin-ի հիմնադիր Ջեքսոն Պալմերին։ Մասքն ասել էր, որ Twitter-ի սփամի դեմ պայքարի սքրիփթը, որը ծրագրավորողը ներկայացրել էր իրեն մի քանի տարի առաջ, վատ է գրված եղել։
Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ: