Բաժին. Կրիպտո

Ինչը կփոխարինի դոլարային կայուն կրիպտոարժույթներին

Աշխարհի երկրորդ կրիպտոբորսա համարվող Coinbase-ը հայտարարել է եվրոյին կից կայուն կրիպտոարժույթի շրջանառության մեկնարկի մասին։ Կրիպտոարժույթը ապահովված կլինի շրջանառության ծավալին համաչափ եվրոյի պահուստներով։

Մենք տեղեկացրել էինք, որ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) արգելել էր Binance Coin (BUSD) կայուն կրիպտոարժույթը թողարկած PAXOS ընկերությանը նոր արժույթներ դնել շրջանառության մեջ, ինչն էլ լավագույնս չէր ազդել կրիպտոաշխարհի, մասնավորապես, BUSD-ի վրա։

Այսօը խոշորագույն ոչ դոլարային կայուն կրիպտոարժույթը Euro Tether-ն (EURT) է, որի կապիտալիզացիան կազմում է մոտ 218 մլն եվրո, ինչն անչափ փոքր է դոլարին կից կայուն թվային արժույթների կապիտալիզացիայից։ BUSD կապիտալիզացիան կազմում է 11 մլրդ դոլար, իսկ Tether-ի (USDT) կապիտալիզացիան տատանվում է 70 մլրդ դոլարի շրջակայքում։

ԱՄՆ կարգավորիչ մարմինների քաղաքականության խստացման ֆոնին կրիպտոաշխարհում կարող են առաջ մղվել ոչ դոլարային կայուն կրիպտոարժույթները, և կարճ ժամանակում շուկայի զգալի մասնաբաժին կարող է անցնել դրանց։

Վերլուծաբանները կարծում են, որ տեղի ունեցող գործընթացների արդյունքում կայուն կրիպտոարժույթները կկրկնեն իրական արժույթների պատկերը, երբ դոլարն առաջատար է, բայց եվրոն և այլ առաջատար արժույթներ ևս իրենց վատ չեն զգում։

Կրիպտովերլուծաբան Վիկտոր Պերշիկովը նշում է, որ այս կամ այն արտարժույթին կից կայուն կրիպտոարժույթի տարածումը կախված է երկու հիմնական գործոնից՝ կրիպտոշուկայի մասնակիցների կողմից նման թվային արժույթի պահանջարկից, և կայուն կրիպտոարժույթին կից արժույթի կարգավորիչ մարմնի քաղաքականությունից։

ԱՄՆ կողմից խստացված քաղաքականությունը կարող է առաջ մղել Եվրոյին կից կայուն կրիպտոարժույթները, եթե ապագայում Եվրոպական կենտրոնական բանկը պստացնի այդ քաղաքականությունը այլ արժույթներ կվերցնեն այդ դերը։

Մասնագետները կարծում են, որ պահանջված արժույթների թիվը, որոնք կարող են տարածված կայուն կրիպտոարժույթներ ձևավորել մեծ չէ։ Խոսքը կարող է գնալ FOREX շուկայում մեծ պահանջարկ ունեցող մի քանի արժույթների մասին՝ եվրո, ֆունտ, յեն, շվեյցարական ֆրանկ։

Դոլարին կից և ընդհանրապես ցանկացած կայուն կրիպտոարժույթի կարող են փոխարինել նաև տարբեր երկրների կողմից շրջանառության մեջ դրվող թվային արժույթները (CBDC), որոնք շուկայի մասնակիցների կողմից ավելի ընդունված կլինեն, այն առումով, որ ապահովված կլինեն որևէ պետության կողմից և կարգավորիչ մարմինների որոշումներից կախված չեն լինի։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share