Բաժին. Կրիպտո

Ինչով է պայմանավորված բիթքոյնի ռեկորդային աճը. Binance-ի տարածաշրջանային տնօրեն Կիրիլ Խոմյակովի մեկնաբանությունը

Տարվա սկզբից աշխարհի առաջին և խոշորագույն կրիպտոարժույթ բիթքոինը ցուցադրում է աճի զգալի տեմպեր։ Բիթքոյնի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ «Բիզնես 24»-ը ստացել է աշխարհի խոշորագույն կորիպտոհարթակ Binance-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, նաև Միջին Ասիայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Խոմյակովի մեկնաբանությունը։ 

ԲԻԶՆԵՍ 24 Պարոն Խոմյակով, հունվարի 10-ից, երբ ԱՄՆ աժեթղթերի և բորսաների հանձնաժողովը հավանություն տվեց բիթքոյն ETF-ներին, գլխավոր կրիպտոարժույթը 50% և ավել աճ է արձանագրել։ Բիթքոյն EFT-ները մեծ ծավալի ներդրումներ են ներգրավում, ինչն էլ բերել է կրիպտոարժույթների շուկայի աննախադեպ ակտիվության։ Այս առումով կցանկանայինք ճշտել, ինչ իրավիճակ է ավանդական կրիպտոհարթակներում, արդյոք նման ակտիվություն է նկատվում, թե կրիպտոշուկայի այս աճը սահմանափակվում է միայն ETF ներդրումներով։

Կիրիլ Խոմյակով – Ինչ վերաբերում է Bitcoin-ի գնի աճին, արժե հասկանալ, որ այժմ մի շարք դրական գործոններ են տեղի ունենում առաջին պատմական կրիպտոարժույթի շուրջ: Առաջինը ինստիտուցիոնալ խաղացողների մուտքն է հավանության արժանացած Bitcoin ETF-ների միջոցով: Այժմ շատ ներդրողներ հետաքրքրված են բիթքոյն ETF-ի ազդեցությունով ֆինանսական շուկաների վրա՝ ինչպես ավանդական, այնպես էլ կրիպտոարժույթների, նաև բլոկչեյն արդյունաբերության վրա՝ որպես ամբողջություն: Հնարավոր է, որ սա առաջին հայացքից ակնհայտ չէ, բայց այս նորամուծությունը կարող է էապես ազդել բիթքոյնի գնի, թվային ակտիվների պահանջարկի, իրացվելիության և ընդունման վրա: Լավատեսները նախ և առաջ ակնկալում են, որ սա կխրախուսի կրիպտոյի ընդունման մակարդակի խորացումը և նորարարությունը, քանի որ ETF-ների օրինականությունը և հասանելիությունը դրականորեն կընդունվի պոտենցիալ կրիպտո ներդրողների բավականին լայն շրջանակի կողմից: Այս բոլոր դրական հետևանքները հավանական են, բայց դրանց չափն ու մասշտաբը դժվար է կանխատեսել:

Այս համատեքստում արժե դիտարկել ոսկու ETF-ների պատմական օրինակը, թեև չի կարելի ակնկալել, որ բիթքոյն ETF-ները  նման ազդեցություն կունենան: Ինչպես և բիթքոյնը, ոսկին համեմատաբար դժվար հասանելի է լայն հանրության համար, քանի որ այն ուղղակիորեն գնելու և պահելու համար պահանջվում է ջանք և ռեսուրսներ: 2004 թվականին գործարկվեց SPDR Gold Shares (GLD) ոսկու խոշորագույն ETF-ը, այն արագ հավաքեց ավելի քան $1 միլիարդ ներդրում: 2010թ.-ին նշված ETF-ի ակտիվների ծավալը գերազանցեց 50 միլիարդ դոլարը։ Թեև ETF-ների միջոցով ներդրում կատարողները հրաժարվում են հիմքում ընկած ակտիվի անմիջական սեփականությունից, այս գործիքը ավելի մեծ հասանելիություն է ապահովում: Նման կերպ ներդրողների ավելի լայն շրջանակի համար հասանելի են դառնում այս կամ այն ETF-ի հիմքում ընկած ակտիվիները՝ հանգեցնելով պահանջարկի և իրացվելիության աճի: Ոսկու ETF-ների աճը զգալի տեղաշարժ է արձանագրել ոսկու առևտրի դինամիկայի մեջ, ընդ որում մատչելիության բարձրացումը հանգեցնում է շուկայի ծավալների և իրացվելիության ավելացման:

Նմանատիպ առավելություններ կարող են առաջանալ բիթքոյն ETF-ների դեպքում՝ սկիզբ դնելով կրիպտոարժույթների ընդունման և նորարարությունների նոր դարաշրջանի: Թեև բիթքոյնը հաճախ կոչվում է «թվային ոսկի», մենք չենք կարող օգտագործել մեկ ակտիվի պատմությունը՝ մյուսի ապագան կանխատեսելու համար:  Սակայն հնարավոր հետեւանքները ավելի լավ հասկանալու համար միշտ կարելի է զուգահեռներ անցկացնել: Բիթքոյնի գների աճի երկրորդ նշանակալի գործոնը հալվինգն է: Bitcoin halving-ը իրադարձություն է, որը տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ և կրիպտոարժույթի համար առանցքային նշանակություն ունի։ Հալվինգի արդյունքում բիթքոյն բլոկչեյնում նոր բլոկների մայնինգի համար պարգևատրումը կրկնակի կրճատվում է: Սա հանգեցնում է նոր «մետաղադրամների» մատակարարման կրճատմանը: Հալվինգը զգալիորեն մեծացնում է բիթքոյնների դեֆիցիտը, ինչը կարող է ազդել պահանջարկի վրա և էլ ավելի ամրապնդել բիթքոյնի կարգավիճակը՝ որպես թվային ոսկի:

Պատմականորեն, Bitcoin-ը զգալի աճ է արձանագրել յուրաքանչյուր հալվինգից հետո վեց ամսվա ընթացքում: Գնային այս դինամիկան ընդգծում է շուկայի արձագանքը նոր BTC-ների մատակարարման նվազմանը, միևնույն ժամանակ աճող պահանջարկը հաճախ բարձրացնում է կրիպտոարժույթի արժեքը: Բայց արդյոք գների հետագա աճի համար տեղ կա, կախված է շուկայի ընդհանուր տրամադրություններից, ընդունման տեմպերից և հալվինգի իրադարձության ժամանակ գործող այլ գործոններից:

Կրիպտոարժույթի վրա ազդող մեկ այլ հիմնական միտում է 1-ին և 2-րդ շերտերի բլոկչեյնների վերջին շրջանի «բումն» է և DeFi-ների ակտիվությունը Bitcoin ցանցում, ինչին նպաստում է Ordinals արձանագրության և Բիթքոյն մակագրությունների (Bitcoin inscriptions) պահանջվածությունը:

Share