Բաժին. Տնտեսական

ԱՄԷ-ի տնտեսությունը հատում է մարտահրավերների տարին ամուր ֆինանսական արդյունքներով

Հարցազրույց Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանության գործերի հավատարմատարի հետ

Համաշխարհային առևտրի և զբոսաշրջության հոսքերից կախվածության պատճառով 2020թ․-ին ԱՄԷ-ի ազգային տնտեսությունը, ինչպեսև համաշխարհային տնտեսությունը, բախվեցին ուժգին փոթորկի, սակայն տնտեսության ամուր հիմքերը և դրա տարբեր բաղադրիչները նպաստեցին համաճարակի ազդեցության թուլացմանը: «Բիզնես 24» լրատվականին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ-Սալամին՝ հավելելով, որ երկրի իմաստուն ղեկավարության տեսլականի և հրահանգների շնորհիվ պետությունը կարողացել է հաղթահարել բոլոր ընկերությունների առջև ծառացած խոչընդոտները և համաճարակի պայմաններում լիարժեք աջակցություն ցուցաբերել նրանց:

Հարց Ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել ԱՄԷ-ի տնտեսության ոլորտում 2020թ-ին՝ համաճարակով պայմանավորված իրավիճակում։

2020 թվականի դեկտեմբերին «Moody’s» միջազգային վարկանիշային գործակալությունն ԱՄԷ-ի կառավարությանը վարկունակության համար շնորհել է «Aa2» վարկանիշ, որը տարածաշրջանում ամենաբարձր ինքնիշխան վարկանիշն է ազգային տնտեսության կայուն հեռանկարով: Եվ սա այն դեպքում, երբ դրանից մոտ մեկ ամիս առաջ ԱՄԷ-ն համաշխարհային «Fitch» գործակալության կողմից ստացել է «AA-» վարկանիշ:

ԱՄԷ-ի ինքնիշխան վարկային փաթեթի վերաբերյալ իր զեկույցում «Moody’s»- ը նշել է, որ ԱՄԷ-ի վարկունակությունը պայմանավորված է մեկ անձի հաշվով համախառն ներքին արդյունքի բարձր մակարդակով, ինչպես նաև պետության ներքին կայունությամբ և միջազգային ամուր հարաբերություններով։ Գործակալությունը նշել է, որ ԱՄԷ-ն բարեփոխումների ղեկավարման և եկամուտների բազան դիվերսիֆիկացնելու միջոցով ցույց է տվել արդյունավետ և ուժեղ ինստիտուցիոնալ պրակտիկա։

«Fitch» գլոբալ գործակալության կողմից ԱՄԷ-ն ստացել է ինքնիշխան վարկային վարկանիշի (AA-) մակարդակ՝ կայուն ապագայի հեռանկարով, որն արտացոլում է դաշնային կառավարության հաստատությունների վարկունակությունը և աճի շարունակմանն ուղղված անհրաժեշտ քաղաքականություն ձևավորելու հստակ կարողությունը՝ պահպանելով ամենաբարձր չափանիշները, որոնք ապահովում են երկրի վարկային գործունեության կարգապահությունը։

ԱՄԷ-ի՝ կարևոր վարկային վարկանիշին արժանանալն արտացոլում է երկրի տնտեսական մարտահրավերները հաղթահարելու մեծ կարողությունը և կառավարության հաջողությունը նորարարական տնտեսական, ֆինանսական և արժույթային քաղաքականությունների մշակման մեջ, ինչը նրան հնարավորություն է տվել հաղթահարել կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը, հատկապես, որ զեկույցը հիմնված է 18 ցուցանիշների վրա, որոնք գնահատում են տնտեսական, ֆինանսական, բանկային և դրամավարկային դաշտերը:

Հարց Ինչպես՞ կգնահատեք ԱՄԷ-ի տնտեսական վիճակը։

2020թ․-ի սկզբից միջազգային խոշոր գործակալությունների կողմից թողարկված միջազգային վարկային զեկույցներն արտացոլում են ԱՄԷ-ի տնտեսության կայունությունը՝ չնայած համաշխարհային տնտեսությունը փոթորկող բազմաթիվ մարտահրավերների:

Անցած տարիների ընթացքում ԱՄԷ կառավարությունը կարողացել է օգտվել իր ունեցած համեմատական ​​առավելություններից, որոնցից են նավթի մեծ պաշարները, բարձր ինքնիշխան ակտիվները և բարձր դիրք գրավել լավագույն հեռանկարային տնտեսությունների շարքում՝ շնորհիվ տնտեսական պորտֆելը դիվերսիֆիկացնելու իր վճռական ցանկության։

Հարց Ինչպիսի՞ տնտեսական աճ է նախատեսվում ընթացիկ տարում։

Կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2021 թ.-ին ԱՄԷ-ի տնտեսության իրական ՀՆԱ-ն կավելանա 2,5%-ով, իսկ ոչ նավթային ՀՆԱ-ն կաճի 3,6%-ով, պայմանով, որ նավթի արդյունահանումը OPEC Plus կազմակերպության արտադրության տեմպը որոշելուց հետո կմնա կայուն։

2020թ․-ի երրորդ եռամսյակի ընթացքում ԱՄԷ-ում տնտեսական ակտիվությունը մասամբ վերականգնվել է սահմանափակումները թեթևացնելու և միջազգային չվերթները վերսկսելու արդյունքում, ինչը մեծ օգուտներ է բերել ԱՄԷ-ին՝ հաշվի առնելով իր դիրքը որպես առևտրի, փոխադրման և ճանապարհորդության տարածաշրջանային հանգույց: Երկրում արդյունաբերական արտադրության ոլորտը երկրորդ եռամսյակի ցնցումներից հետո նույնպես վերականգնվել է։

Հարց «Covid-19» վիրուսը համաշխարհային համաճարակ հայտարարելվուց հետո տնտեսական աջակցության ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվել ԱՄԷ-ում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից «Covid-19» վիրուսը համաշխարհային համաճարակ հայտարարելուց հետո ԱՄԷ-ի կենտրոնական բանկը հավանություն է տվել 100 միլիարդ դիրհեմի տնտեսական աջակցության համապարփակ ծրագրին` նպատակ ունենալով աջակցել ազգային տնտեսությանը և պաշտպանել սպառողներին ու ընկերություններին։ Ֆինանսական աջակցության պլանը բաղկացած է մինչև 50 միլիարդ դիրհեմի ֆինանսական վարկից, որը Կենտրոնական բանկի միջոցներից հատկացվել է երկրում երաշխավորությամբ գործող բանկերին՝ զրոյական տոկոսով վարկեր տրամադրելու նպատակով, ի հավելումն դրա՝ բանկերի լրացուցիչ հեջ ֆոնդերից ազատ է արձակվել 50 միլիարդ դիրհեմ։

Օժանդակության այս ծրագիրը հաջողություն է ունեցել ֆինանսական համակարգի կարողության ամրապնդման մեջ՝ օժանդակելով համաճարակից վնասներ կրած անհատներին և ընկերություններին։

Կառավարությունը հաստատել է դաշնային կառավարության նախաձեռնությունների փաթեթը` աջակցելու բիզնեսի շարունակականությանը և տրամադրելով 16 միլիարդ դիրհեմի լրացուցիչ ներդրում ազգային տնտեսության համար՝ լրացնելու նախկինում հայտարարված տնտեսական փաթեթները:

Այս քայլն իրենից ներկայացնում է 126,5 միլիարդ դիրհեմ արժողությամբ լրացուցիչ դաշնային աջակցություն, որն ինտեգրված է Աբու Դաբիի, Դուբայի էմիրությունների և Կենտրոնական բանկի տնտեսական աջակցության փաթեթներին` բիզնեսի շարունակականությանը սատարելու և կորոնավիրուսի տարածման հետևանքներին դիմակայելու համար։

Հարց Ինչպիսի՞ փոփոխություններ են նախատեսվում ԱՄԷ-ի տնտեսության ոլորտում մոտ ապագայում։

Էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է, որ ԱՄԷ-ն նպատակ ունի «Ընկերությունների մասին» օրենքում նոր փոփոխությունների միջոցով հասնել երկրում գործող ընկերությունների թվի աճին՝ առաջիկա տասը տարիների ընթացքում ներկայումս  գործող 300 հազար ընկերությունների թիվը հասցնելով մեկ միլիոնի: Առևտրային ընկերությունների մասին նոր օրենքում փոփոխություն կատարելու մասին հրամանագրի ընդունումը նոր քայլ է երկրում գործարար միջավայրի և դրա կարողության ամրապնդման գործում նոր տնտեսական ոլորտներում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու, տնտեսական բազան դիվերսիֆիկացնելու և ոչ նավթային եկամուտները զարգացնելու առումով։

Փոփոխությունները կնպաստեն աշխատանքի նոր հնարավորությունների ստեղծմանը, շուկայի զարգացմանը, տեխնոլոգիայի տեղայնացմանը, հմտությունների և մարդկային կադրերի զարգացմանը, իսկ երկրում սեփականության համակարգերի փոփոխումը, ընկերությունների հիմնադրումը կբարձրացնեն օտարերկրյա ներդրողների վստահությունը և ավելի մեծ հնարավորություններ կընձեռվեն ազգային և օտարերկրյա ներդրողների միջև իրական գործընկերություններ հիմնելու համար: Պետությունը մեծ հաջողությունների է հասել ձեռնարկատիրության ազգային ոլորտի զարգացման գործում: Այսօր ԱՄԷ-ն ձեռնարկատիրական ինդեքսով աշխարհում զբաղեցնում է հինգերորդ տեղը, իսկ փոքր և միջին ընկերությունների ներդրումը երկրի ոչ նավթային ՀՆԱ-ում կազմում է ավելի քան 53%:

Տվյալների համաձայն՝ ԱՄԷ-ում ինքնիշխան հիմնադրամների ընդհանուր համախառն ակտիվները հասնում են 4,76 տրիլիոն դիրհամի (1,3 տրլն դոլար)։

Share