Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-հունիսին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 12.81%-ով

Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2021թ. հունվար-հունիս ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

ՄՏՍ Հայաստանը (Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 8-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 8.88 մլրդ դրամ հարկ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 33.06%-ով կամ 2.21 մլրդ դրամով։

Յուքոմը (Ucom) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 13-րդ հորիզոնականը։ 2021թ. հունվար-հունիսին ընկերությունը մուծել է 5.61 մլրդ դրամ հարկ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 41.25%-ով կամ 1.64 մլրդ դրամով։

39-րդ հորիզոնականում ՏԵԼԵԿՈՄ Արմենիան (Beeline) է, նախկինում՝ ՎԵՈՆ Արմենիա: Ընկերությունը մուծել է 2.24 մլրդ դրամ հարկ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 74.81%-ով կամ 6.656 մլրդ դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 113-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 0.98 մլրդ դրամ հարկ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 27.10%-ով կամ 0.21 մլրդ դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 17.7 մլրդ դրամ հարկ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 2.6 մլրդ դրամով կամ 12.81%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 3.03%-ը։ 2019թ.-ի համանման ցուցանիշը 3.80% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 27/07/21 դրությամբ՝ 482.28 դրամ), ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 36.72 մլն դոլար։

Share