Բաժին. Տնտեսական

Կարեն Ճշմարիտյան. այս ամենը հասցնելու է տնտեսության հանրային սննդի և ծառայությունների ոլորտների ծավալների կրճատմանը

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն անդրադարձել է կառավարության կողմից հանրային սննդնի կետերում կիրառվելիք սահմանափակումներին.

Չափից դուրս պարզունակ է.

Երբ վարակվածների թիվը Հայաստանում օրական 2500-3000 էր՝ հանրային վայրեր այցելությունների ոչ մի սահմանափակում չկար, իսկ հիմա, երբ առնվազն տասն անգամ նվազել է՝ այցելությունները սահմանափակվելու են։

Երբ գրեթե չկային պատվաստվածներ՝ չկային նաև սահմանափակումներ, իսկ հիմա, երբ մարդիկ շատ ավելի շատ են պատվաստվում՝ ավելանում և ահագնանում են նաև սահմանափակումները։

Երբ այս տարվա Մարտ ամսվա վերջից կսկսեն գործել բացօթյա սրճարանները՝ նաև արգելվելու է ծխելը բաց տարածքներում։

Առաջին հայացքից թվում է, թե իսպառ բացակայում է տրամաբանությունը։ Իրականում այդպիսի տպավորությունը շատ պարզունակ խաբկանք է, որովհետև տրամաբանությունն առկա է՝ պարզապես միանգամայն այլ խնդիր է լուծվում։

Ընդսմին՝ պարզից էլ պարզ է, որ այս ամենը հասցնելու է տնտեսության հանրային սննդի և ծառայությունների ոլորտների ծավալների կրճատմանը։ Այդ է վկայում նաև նման փուլով անցած երկրների փորձը։

Պարզ է նաև, որ հետևանքը լինելու է հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների եկամուտների նվազումը, սննդի արտադրանքի սպառման անկումը, դրանից բխող՝ արտադրության ծավալների կրճատումը, գործող ձեռնարկությունների որոշ հատվածի գործունեության դադարեցումն ու աշխատատեղերի փակումը։ Հիմնավորման կարիք չունի նաև այն, որ մարդկանց մի ստվար զանգված զրկվելու է եկամուտներից։ Բնականաբար՝ եկամուտից զրկված քաղաքացին առողջության առումով անհամեմատ առավել խոցելի է դառնալու։ Մեկ մեջբերում՝ մարդիկ ավելի հաճախ այլ հիվանդություններով են հիվանդանում, որոնց բուժումը վճարովի է։ Հետևաբար, նշված մոտեցումների կիրառման արդյունավետությունը զուտ առողջապահական անվտանգության ապահովման առումով՝ չափազանց մշուշոտ է։

Հարց է ծագում՝ ո՞րն է իրական նպատակը, և ինչպե՞ս է նման քաղաքականությունը նպաստում առողջապահական անվտանգության ապահովման և տնտեսությանը հնարավորինս չվնասելու մոտեցումների միջև հավասարակշռության պահպանմանը։

Մեկ եզրահանգում է մնում. եթե մեզ հայտնի նորմալ երկրներում գործում է՝ «նվազագույնս վնասելով տնտեսությանը՝ ապահովել առողջապահական անվտանգությունը» սկզբունքը, ապա այստեղ գործում է մեկ այլ սկզբունք՝ «առողջապահական անվտանգության ապահովման պատրվակով՝ հնարավորինս վնասել տնտեսությանը»։ Այլ տրամաբանություն, կամ նպատակ փնտրելն անմտություն է, որովհետև տվյալ մոտեցումը նաև տեղավորվում է վարվող ողջ քաղաքականության տրամաբանության և նպատակների շրջանակներում՝ «…որքան վատ` այնքան լավ» կարգախոսով։

Մնացել է գեթ մեկ սահմանափակում՝ քաղաքացիներին արգելել մտածելը…

Այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի։

ՀԳ. Ամենից նողկալին ու զավեշտալին այն է, որ բոլոր տեսակի սահմանափակումների առաջամարտիկներն իրենք իրենց «ազատական գաղափարներ կրողներ» հայտարարածներն են։

Share