Չինաստանում աղքատության սահմանագիծը 8 տարի առաջ մեկ անձի համար ամսական $68 եկամուտն էր:
Վերջին երեք տասնամյակի ընթացքում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով Չինաստանն ամենաաղքատ երկրների ցուցակի վերջին տեղերից տեղափոխվեց առաջատար 30 երկրների շարքը՝ համարվելով միջին եկամուտով երկիր:
Պետությունը խոստացել էր հաղթահարել աղքատության շեմը մինչև 2021 թվականը՝ Կոմունիստական կուսակցության հիմնադրման հարյուրամյակին: ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը այս տարի մարտ ամսին հայտարարեց, որ երկրում աղքատության հիմնախնդիրը լիովին լուծված է և տարածաշրջանային մասշտաբով աղքատությունը հաղթահարված է: Վերջին տասը տարվա ընթացքում պետությունը աղքատությունից «շղթաներից» հանել է գրեթե 100 միլիոն գյուղական բնակչություն, իսկ ընդհանուր առմամբ՝ 1970-ականների վերջից առ այսօր` մոտ 770 միլիոն մարդու:
Մոտ 3 տարի առաջ հերթական այցով գտնվելով Չինաստանում, մեծ քաղաքներում սովորական բազմաբնակարան շենքերի առաջին հարկերը զգալի հագեցած էին սրճարաններով, արհեստանոցներով, խանութներով: Իմ այն հարցին, թե այս փոքր բիզնեսները կարողանու՞մ են վճարել հարկերը, պատասխանեցին, որ պետությունը նախընտրում է իրենց «չանհանգստացնել, թողնել իրենք աշխատեն իրենց համար, իշխանություններից օգնություն չխնդրեն և իրենք հոգան իրենց հոգսերը»:
Չինաստանն այսօր արդեն շատ առումներով համարվում է միջին եկամտի պետություն, որտեղ տեսականորեն եկամտի օրական սահմանագիծը պետք է լինի ավելի քան 5,5 դոլար (մոտ 3.000 ՀՀ դրամ): Չի կարելի պնդել, որ Չինաստանում այժմ բոլորն ապրում են աղքատության մակարդակից բարձր, բայց սա ընդհանուր միտումն է:
ՉԺՀ պետական կառավարման նորովի մոտեցումներն ու ազգային շահերին դրանց ներդաշնակեցումը
Բարեփոխումների անհրաժեշտության մասին առաջին անգամ Չինաստանում խոսվել է 1980-ականներին, երբ հայտարարվեց «իշխանության գերկենտրոնացման, կուսակցական և վարչական մարմինների պաշտոնների համատեղման անթույլատրելիության մասին, կարևորվեց պետության կողմից մատուցվող ծառայությունները ստանդարտներով իրականացնող կառավարություն և գործադիր մարմիններ ունենալը»: Ի տարբերություն արևմտյան պետությունների՝ Չինաստանը ձգտում է շուկայական բարեփոխումներն իրականացնել գոյություն ունեցող պետական առկա կարգի շրջանակներում՝ առանց ցնցումների:
Բարեփոխումների և պետական կառավարման մշակույթի մասին առավել մանրամասն նկարագրված է իմ հեղինակային երկրորդ գրքում, ինչը կարելի է համարել 2019 թվականին լույս տեսած իմ առաջին գրքի՝ «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տնտեսությունների պետական կառավարման առանձնահատկությունները» տրամաբանական շարունակություն:
Չինաստանը զարգացել է առավելապես էվոլյուցիոն եղանակով, առանց շոկային թերապիայի, մշտապես պահպանելով քաղաքական կայունությունը: Բարեփոխումները ՉԺՀ-ում իրականացվել և ներկայում էլ իրականացվում են սկզբունքորեն չփոփոխելով նախկինում գոյություն ունեցող հիմքը, չեն կրում պարադիգմային բնույթ:
Չինաստանը հավատարիմ է մնացել իր պատմական պարադիգմային, որտեղ սկզբունքային կարևորություն ունի իրավահաջորդությունը և ազգային սովորույթը:
Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում թույլ է զարգացած «ազգային դեմք» հասկացությունը, իսկ անցյալի քննադատությունը դարձել է ազգային ավանդույթ: ՀՀ-ն հռչակում ու իրականացնում է անցումայինի գաղափարախոսությունը, ուստի պետք է խոսել ոչ թե անցման մոդելների տարբերությունների, այլ այն մասին, որ իրականացվող բարեփոխումներում ՀՀ-ում և ՉԺՀ-ում եղել են սկզբունքորեն տարբեր մոտեցումներ:
Հայաստանում, ինչպես շատ հետխորհրդային երկրներում, անցումային ժամանակաշրջանի պաստառի տակ իրականացվել է նախկին մոտեցումների կազմաքանդում: Փաստենք, որ ժամանակակից Չինաստանի և Հայաստանի մոտեցումների կարևոր տարբերություններից մեկը նպատակադրման տարբերությունն է: Հայաստանն այսօր կառուցում է «նոր եվրոպական-ամերիկյան մոդելի պետություն», Չինաստանը ինչպես կառուցել, այնպես էլ շարունակում է կառուցել քաղաքակրթորեն ինքնություն ունեցող չինական մոդելի պետություն:
Ո՞րն է այստեղ չինական յուրահատկությունը: Դա ազգային կողմնորոշում ունեցող էլիտան է, որը դաստիարակված է քաղաքակրթության հարատև զարգացման սկզբունքով: Չինական «համբերելը» ճիշտ պահին սպասելն է, համախմբվելը, ազգային կողմնորոշմամբ քաղաքականության վարումը, լուծում պահանջող հարցերում «դանդաղ շտապելը», ինչը, կարծում եմ, շատ մեծ առավելություն է:
Ըստ իս, Չինաստանի պետական կառավարման և մասնավորապես՝ տնտեսության պետական կառավարման սկզբունքների, ազգային-պետական շահերի ներդաշնակեցման և հավասարակշռվածության մոտեցումների տեղայնացված կիրառումը կարող է առավել նշանակալի դարձնել Հայաստանի Հանրապետության դիրքերը համաշխարհային ինստիտուցիոնալ համակարգում: Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը ձեռք կբերի տնտեսության պետական կառավարման ինստիտուցիոնալ կայունություն, կկարողանա ապահովել տնտեսական աճի բարձր տեմպեր և դրանից բխող՝ բնակչության առավել բարձր կենսամակարդակ:
Հաջողության հասնելու չինական մի քանի մոտեցումների շուրջ.
Չինագետ, տնտեսագիտության թեկնածու` Աննա Զալինյան