Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.6%-ով

2022թ. հունվար-մարտին, 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 9.6%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։ Նվազել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը։

Այսպես, հունվար-մարտ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3.1%-ով, շինարարությունն աճել է 6.2%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 7.6%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 22.2%-ով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 5.4%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 550,722.1 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 781,149.1 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 503,210.7 մլն ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 79 094.1 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 55,957.1 մլն ՀՀ դրամ։

Share