Բաժին. Տնտեսական

Համազասպ Գալստյանը՝ Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և խոստումների գերակշիռ մասի թերակատարման մասին

Երևանի զարգացման 2019-2023 թթ. հնգամյա ծրագրի երեք և կես տարին դարձել է պատմություն, հետևապես, փաստացի արդյունքների հիման վրա կարելի է կատարել կատարողականի աստիճանի իրավիճակային վերլուծություն։ Տնտեսագիտության թեկնածու Համազասպ Գալստյանն ընդգծում է, որ ցուցանիշների համեմատականը վկայում է քաղաքաշինության ու ճարտարապետության կարևորագույն ոլորտում խոստումների գերակշիռ մասը թերակատարելու և չիրականացնելու մասին։

«Հասկանալի է, որ Երևանի ավագանու ընտրությունները, որոշակի պարբերականությամբ, առաջին հարթակ դուրս գալու «բնավորություն» ունեն, և դա մեր մայրաքաղաքային կյանքի անբաժանելի մասն է։ Սակայն, որևէ քաղաքական գործընթաց չպետք է խաթարի Երևանի կայուն ու համաչափ զարգացման գործընթացը, և, իհարկե, ամեն ինչ պետք է արվի հանուն այդ կարևոր սկզբունքի անխափան կենսագործման։ Ու այս դեպքում նույնպես թող հաղթեն ողջամտությունը, իրատեսությունն ու անշահախնդիր սերը Երևանի հանդեպ։
Երևանը, ինչպես երբևէ, կարիք ունի հմուտ, ողջախոհ և բանիմաց կառավարիչների, որոնց անկաշառ, նպատակային ու համակարգված գործունեությունը լավագույն ապացույցը կլինի մայրաքաղաքի հանդեպ նրանց նվիրումի, սիրո ու հարգանքի։ Այլ ճանապարհ չկա», – կարծում է տնտեսագետը:

Մասնագետի համակողմանի վերլուծությունն այս թեմայով կարող եք կարդալ Համազասպ Գալստյանի՝ «Ամբերդ» տեղեկագրի հերթական համարում տպագրված հոդվածում կամ դրա էլեկտրոնային տարբերակում. https://asue.am/upload/files/amberd/2022-year-3/7.pdf

 

Share