Բաժին. Տնտեսական

ՏՐՆԱՍՖԵՐՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 24%-ՈՎ

2011 թվականի առաջին յոթ ամիսների արդյունքներով Հայաստանի բանկային համակարգի միջոցով ՀՀ ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել են ոչ առևտրային նպատակով 772.4 մլն դոլար ընդհանուր ծավալով ֆինանսական միջոցներ: ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 24%-ով: Նշենք, որ 2010 թվականի հունվար-հուլիս ամիսներին դեպի Հայաստան տրանսֆերտների ընդհանուր ծավալը կազմել էր 618.0 մլն դոլար:

Միևնույն ժամանակ, Հայաստանից դեպի արտասահման ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային նպատակով իրականացված դրամային փոխանցումների ծավալը հաշվետու այս յոթ ամիսների արդյունքներով կազմել է 141.9 մլն դոլար: Ցուցանիշը. տարեկան կտրվածքով, աճել է 18%-ով: 

Արդյունքում, հունվար-հուլիս ամիսներին ֆիզիկական անձնանց անունով դեպի Հայաստան իրականացված փոխանցումների ծավալն ավելի քան 6 անգամ գերազանցել է ոչ առևտրային նպատակներով Հայաստանից դեպի արտերկիր կատարված փոխանցումների ծավալը:

Նշենք նաև, որ 2011 թվականի առաջին յոթ ամիսների արդյունքներով միայն Ռուսաստանից դեպի Հայաստան ֆիզիկական անձանց անունով  և ոչ առևտրային նպատակով իրականացված փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 632.6 մլն դոլար: Հատկանշական է, որ այս երկրին բաժին է ընկնում դեպի Հայաստան կատարված տրանսֆերտների ընդհանուր ծավալի շուրջ 80%-ը:

ԱՄՆ-ից ստացված տրանսֆերտների ընդհանուր ծավալը կազմել է 37.9 մլն դոլար, Ուկրաինայից ստացված տրանսֆերտների ծավալը`15.3 մլն դոլար:

Share