Բաժին. Տնտեսական

ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է «ՔԱՅՔԱՅՈՒՄ», ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՆ` «ԳԵՐՏԱՔԱՑՈՒՄ»

Համաշխարհային տնտեսության աճի տեմպերն աստիճանաբար նվազում են, և այս պայմաններում զարգացած երկրները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները` համաշխարհային տնտեսության զարգացմանը խոչընդոտող գործոնները վերացնելու ուղղությամբ:  Նման հայտարարությամբ հանդես է եկել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդը` ընդգծելով, որ համաշխարհային տնտեսությանը սպառնացող ռիսկերի դեմ պայքարում անհրաժեշտ է բոլոր երկրների համակարգված և ակտիվ մասնակցությունը: «Հակառակ դեպքում աշխարհի առավել զարգացած երկրների տնտեսություններին աճի փոխարեն սպառնում է քայքայում», – նշել է ԱՄՀ կառավաիչ-տնօրենը: 

Ինչ վերաբերում է զարգացող երկրներին, ապա, ըստ Քրիստին Լագարդի, վերջիններիս նույնպես սպասվում է «ոչ լավ ժամանակներ». զարգացող երկրները կարող է բախվեն տնտեսության «գերտաքացման» խնդրի հետ` գնաճի բարձր մակարդակի և ընթացիկ հաշվի պակասուրդի ընդհանուր ֆոնի վրա:

Ընդհանուր առմամբ, ըստ ԱՄՀ ներկայացուցչի` առաջնային նպատակ պետք է լինի ֆինանսական համակարգերի բարեփոխումը:
Share