Բաժին. Տնտեսական

ԱՀԿ-Ն ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Առևտրի Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) վերանայել է իր կանխատեսումները 2011 թվականի համար: Ինչպես նշվում է կազմակերպության կողմից հրապարակված պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ` ընթացիկ տարվա արդյունքներով սպասվում է համաշխարհային առևտրի ծավալների 5.8% աճ` մինչ այս կանխատեսված 6.5%-ի փոխարեն: Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն կանխատեսում է, որ 2011 թվականի արդյունքներով համաշխարհային ՀՆԱ-ն կաճի 2.5%-ով:

Հատկանշական է, որ զարգացած երկրների համար ԱՀԿ-ն կանխատեսում է տարեկան արտահանման ծավալների 3.6% աճ, զարգացող երկրների համար` 8.6% աճ: Բացի այդ, ըստ ԱՀԿ վերանայված կանխատեսումների` 2011 թվականի արդյունքներով զարգացած երկրներում ՀՆԱ-ի աճը կկազմի 1.5%, զարգացող երկրներում` 5.9%:

«Վերջին ամիսների ընթացքում միջազգային առևտրի ոլորտում նկատվում է աճի տեմպերի անկում, որն ուղեկցվում է զարգացած երկրներում մի շարք բացասական միտումների դրսևորմամբ: Այս պայմաններում ԱՀԿ որոշեց վերանայել իր կանխատեսումները», – նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Նշենք, որ վերջին շուրջ 50 տարիների կտրվածքով միջազգային առևտրի ոլորտում առավել վատ ցուցանիշներ գրանցվել էին 2009 թվականին: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում միջազգային առևտրի ծավալները կրճատվել էին շուրջ 12%-ով:

Share