Բաժին. Տնտեսական

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆԻ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԸ

Միջազգային շուկաները նախորդ շաբաթն ամփոփեցին զգալի անկմամբ, ինչը շուկայի մասնակիցների մի հատվածի համար կանխատեսելի էր, մյուս հատվածի համար` ավելի քան անսպասելի: Հետաքրքրական է, որ նման զարգացումների վերաբերյալ տարակարծիք են նաև համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետները: Վերջիններս իրենց դիտարկումներն ու կանխատեսումներն են ներկայացրել իրենց բլոգներում:

Այսպես, 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և վերջինիս հետագա զարգացումները ժամանակին կանխատեսած ամերիկացի հայտնի տնտեսագետ, Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին կարծում է, որ նախորդ շաբաթվա վերջում համաշխարհային շուկաներում գրանցված անկումային միտումները ազդարարում են նոր ճգնաժամի սկիզբը: «Տնտեսական նոր անկումն արդեն սկսվել է: ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգն այժմ ինչ քայլեր էլ որ ձեռնարկի, դրանք կլինեն շատ ուշ և ոչ բավարար», – գրում է իր միկրոբլոգում հայտնի տնտեսագետը` կանխատեսելով, որ առաջիկայում ևս սպասվում է հումքային ապրանքների գների անկում:

Ի հակադրություն Ռուբինիի, ով փորձել է կանխատեսել ապագան, մեկ այլ հայտնի տնտեսագետ` Պոլ Կրուգմանը, փորձել է պարզել համաշախարհային տնտեսության ներկայիս իրավիճակի ձևավորման պատճառները: Այս տնտեսագետը գտնում է, որ համաշխարհային տնտեսությունում ստեղծված ներկայիս անորոշ վիճակը, որը պայմանավորված է բացառապես Եվրագոտու պարտքային խնդիրներով, կրում է համակարգային բնույթ և, ըստ էության, կանխատեսելի էր: 

Մեկ այլ հայտնի տնտեսագետ` Մայքլ Գեյդը, ով նույնպես իր բլոգում անդրադարձել է համաշխարհային տնտեսությանը սպառնացող վտանգների առաջացման գործոններին, նշել է, որ համաշխարահային տնտեսության ներկայիս իրավիճակի համար «մեղավոր է» ոչ միայն Եվրոպան` իր պարտքային խնդիրներով, այլև ԱՄՆ-ն ու ասիական որոշ երկրներն` իրենց տնտեսությունների անորոշ զարգացումներով:

Share