Բաժին. Տնտեսական

ՋՈՐՋ ՍՈՐՈՍ – ԵՐԿՐՈՐԴ «ՄԵԾ ԴԵՊՐԵՍԻԱ»-Ն ԱՐԴԵՆ ՄՈՏ Է

Միջազգային ֆինանսական շուկաները շատ մոտ ապագայում կարող են հայտնվել խորը անկման մեջ` ճանապարհ հարթելով երկրորդ «Մեծ դեպրեսիա»-ի համար: Նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի ներդրող և ֆինանսիստ Ջորջ Սորոսը:

Financial Times-ում հրապարակած իր կանխատեսումներում ամերիկացի հայտնի ներդրողը ընդգծում է, որ աշխարհի առաջատար երկրների, և, մասնավորապես, եվրոպական երկրների ղեկավար կառույցներն արդեն իսկ «կորցրել են» տնտեսական գործընթացների հնարավոր կարգավորման մեխանիզմները, և համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրավիճակը դուրս է եկել վերահսկողության շրջանակներից: Ըստ Ջորջ Սորոսի` իրավիճակը կրկին վերահսկողության տակ վերադարձնելու նպատակով անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել միջոցառումներ` երեք հիմնական ուղղություններով: 

Այսպես, ըստ Ջորջ Սորոսի առաջարկած «փրկության» ծրագրի` առաջին հերթին Եվրագոտու անդամ 17 երկրները պետք է քայլեր ձեռնարկեն մեկ միասնական ֆինանսների նախարարություն ստեղծելու ուղղությամբ: Երկրորդ`  Եվրոպական կենտրոնական բանկի գործառույթների շրջանակները պետք է ընդլայնվել` այս կառույցին հնարավորություն տալով վերահսկողություն սահմանել եվրոպական երկրների բանկային համակարգերի նկատմամբ: Եվ երրորդ` Եվրոպական կենտրոնական բանկը պետք է թույլ տա տնտեսական աճի համեմատաբար ցածր տեմպեր ունեցող երկրներին, ինչպիսիք են Իտալիան և Իսպանիան, ֆինանսական գործառույթներ իրականացնել ցածր տոկոսադրույքներով:

«Նշված երեք քայլերն անհրաժեշտ է իրականացնել որքան հնարավոր է շուտ: Եվրոպան այս քայլերի միջոցով կկարողանա ժամանակ շահել և մշակել աճի նոր ռազմավարություն, առանց որի անհնար է լուծել Եվրոպայի պարտքային խնդիրները», – նշում է Սորոսը:
Share