Բաժին. Տնտեսական

ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Նոբելյան հանձնաժողովի որոշմամբ` տնտեսագիտության ոլորտում 2011 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել են ամերիկացի տնտեսագետներ 68-ամյա Թոմաս Սարջեթը և 68-ամյա Քրիսթոֆեր Սիմսը` տնտեսության մակրո մակարդակում առկա պատճառահետևանքային կապերի էմպիրիկ հետազոտության համար: Պարգևի ընդհանուր գումարը կազմում է 10 մլն շվեդական կրոն (1.48 մլն ԱՄՆ դոլար):

Նշենք, որ  Թոմաս Սարջեթը ներկայացնում է Նյու-Յորքի Համալսարանը, իսկ Քրիսթոֆեր Սիմսը` Պրիստոնի Համալսարանը: 

Հատկանշական է, որ այս տնտեսագետներն իրենց հետազոտությունները և ուսումնասիրություններն իրականացրել են միմյանցից անկախ, սակայն, ինչպես նշվում է Նոբելյան հանձնաժողովի հայտարարության մեջ, ամերիկացի տնտեսագետների հիմնական դատողություններում կան զգալի նմանություններ: Աշխատությունները, որոնց համար տնտեսագետներն արժանացել են Նոբելյան մրցանակի, հրապարակված են եղել 70-80-ական թվականներին:

Նոբելյան մրցանակը շվեդական ամենամյա բարձրակարգ մրցանակ է, որը հիմնվել է 1895 թվականին` Ալֆրեդ Նոբելի շնորհիվ։ Այն շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի ոլորտում արված ներդրումների, հասարակության զարգացմանը նպաստելու համար։ Ըստ Ալֆրեդ Նոբելի կտակի` տնտեսագիտության համար մրցանակ չի նախատեսվել: Տնտեսագիտության ոլորտում ներդրումների համար մրցանակ տրվում է 1969 թվականից` Շվեդական բանկի միջնորդությամբ և հովանավորությամբ:
Share