Բաժին. Տնտեսական

«ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐ»-Ի ՈՒՂԵՐՁԸ

Հայտնի ներդրող և միլիարդատեր Ջորջ Սորոսը և իր ևս 95 համախոհները, որոնց շարքում կան հայտնի քաղաքական գործիչներ, տնտեսագետներ և գործարարներ, բաց նամակով դիմել են Եվրագոտու ղեկավար կառույցներին` խնդրելով հնարավորինս արագ լուծել ներկայումս ողջ Եվրոպան համակած պարտքային ճգնաժամի հետ կապված խնդիրները: Բաց նամակում, որը հրապարակվել է բրիտանական Financial Times պարբերականում, նշվում է, որ եթե անհապաղ չիրականացվեն ճգնաժամի հաղթահարմանն ուղղված համակարգային միջոցառումներ, համաշխարհային ֆինանսական համակարգը կարող է շատ մոտ ապագայում «փլուզվել»:

«Այն միջոցառումները, որոնք այսօր իրականացվում են եվրոպական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ, իրենց արդյունավետությամբ բավականին փոքր են և ուշացած, ինչը առավել մեծ ռիսկեր է ստեղծում համաշխարհային տնտեսության համար: Եվրագոտին հեռու է կատարյալ լինելուց, որի մասին և վկայում է ներկայիս ճգնաժամը: Անհրաժեշտ է շատ արագ վերականգնել Եվրագոտու թերությունները` թույլ չտալով վերջիններիս առավել խորացումը», – նշվում է եվրոպական ճգնաժամով անհանգստացած գործիչների ուղերձում:

«Մտահոգված եվրոպացիներ»-ն, ինչպես իրենց անվանել են բաց նամակի հեղինակներն, առաջարկել են Եվրագոտու տարածքում ստեղծել մեկ միասնական գանձապետական համակարգ, որը կզբաղվի տարածաշրջանի համար ֆինանսական միջոցների ներգրավմամբ և Եվրագոտու անդամ-երկրների բյուջետային քաղաքականություններից վերահսկողությամբ:

Հատկանշական է, որ բաց նամակով եվրոպական պարտքային ճգնաժամի վերաբերյալ իրենց մտահոգությունը հայտնած գործիչների շարքում են, մասնավորապես, Գերմանիայի նախկին ֆինանսների նախարարը, Ֆրանսիայի նախկին արտաքին գործերի նախարարը, Deutsche Bank-ի նախկին գլխավոր տնտեսագետը և այլ հայտնի գործիչներ:

Share