Բաժին. Տնտեսական

DOING BUSINESS-2012. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Համաշխարհային բանկը հրապարակել են Doing Business-2012 տարեկան զեկույցը, որտեղ ամփոփ ներկայացված են աշխարհի 183 երկրներում գործարարությամբ զբաղվելու հիմնական ցուցանիշները: Զեկույցում դիտարկվել են տասնյակ ցուցանիշներ, որոնք վերաբերում են փոքր և միջին բիզնեսի կայացմանը, գործարար միջավայրին և բիզնեսի «խաղի կանոններին»: Արդյունքում, կազմվել է բիզնեսի համար թափանցիկ երկրների վարկանիշը, որի առաջին հնգյակում, նախորդ տարվա համեմատությամբ, փոփոխություններ չեն գրանցվել: Բիզեսի համար առավել նպաստավոր երկրներն են Սինգապուրը, Հոնկոնգը, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն ու Դանիան:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, հատկանշական է, որ մեր երկիրը բարելավել է իր վարկանիշը 6 կետով` զբաղեցնելով 55-րդ տեղը: Զեկույցի տվյալներով` 2010 թվականի հունիսից մինչև 2011 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանն իրականացրել է կանոնակարգման և ինստիտուցիոնալ դաշտի հինգ բարեփոխում` ամենաշատը տարածաշրջանում և աշխարհում:

Ըստ Համաշխարհային բանկի գնահատականների` Հայաստանն էականորեն բարելավել է իր դիրքը հետևյալ հինգ ոլորտում` ընկերության հիմնում, շինարարական թույլտվությունների ստացում, վարկերի ստացում, հարկերի վճարում, ձեռնարկության փակում (լուծարում):

Նշենք, որ Ադրբեջանն Doing Business-2012 վարկանիշում 66-րդն է, Վրաստանը` 16-րդը:

Share