Բաժին. Տնտեսական

ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ ԿՀԵՌԱՆԱ, ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՊԱՅՄԱՆՈՎ

Ներկայիս ֆինանսական և քաղաքական անկայունության պայմաններում Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի համախոհների շարքերը նոսրանում են. նրա կողմից առաջադրված բյուջետային օրինագիծը Իտալիայի խորհրդարանում չի ստացել ձայների մեծամասնությունը: Այսպիսի զարգացման պայմաններում առավել իրատեսական է դառնում ընդդիմադիրների պահանջը` Իտալիայի վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելու վերաբերյալ:

«Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարական կտա երկրում անհրաժեշտ տնտեսական բարեփոխումների փաթեթի հաստատումից հետո միայն»,- օրերս նման հայտարարությամբ հանդես էր եկել Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն:

Սիլվիո Բեռլուսկոնին Իտալիայի քաղաքական ու տնտեսական դաշտի կենտրոնական գոտում է արդեն շուրջ 17 տարի:

Նշենք, որ նոյեմբերի 8-ի դրությամբ Իտալիայի պետական պարտատոմսերի եկամտաբերության մակարդակը կազմել է ռեկորդային 6,7%, ինչը վերլուծաբանները գնահատել են խիստ բացասական:

Միևնույն ժամանակ, Իտալիայի պետական պարտքը ներկայումս կազմում է 1,8 տրիլիոն եվրո: Այս պայմաններում փորձագետները պնդում են, որ, հաշվի առնելով տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, Իտալիան ստիպած կլինի «հետևել» Հունաստանի օրինակին:

Տնտեսության ծավալով ԵՄ երկրների շարքում Իտալիան զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ որպես «փոխառու երկիր»` աշխարհում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը՝ զիջելով ԱՄՆ-ին, Ճապոնիային և Գերմանիային:

Share