Բաժին. Տնտեսական

ԾՐԱԳՐՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ 2020Թ.-Ը ԵՌԱՊԱՏԿԵԼ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ երեկ` նոյեմբերի 13-ին, Սևանում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության Տեղեկատվական կենտրոնից` նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից և հաստատումից հետո նիստի մասնակիցներն անդրադարձել են այլ երկրների փորձի հիման վրա Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված հարցերի: Այնուհետև, վարչապետը ներկայացրել է Հայաստանի արդյունաբերության ռազմավարության մանրամասները, որը մշակվել է Համաշախարհային բանկի հետ:

Հայաստանի արդյունաբերության ռազմավարությունը, Տիգրան Սարգսյանի խոսքով, իրենից ներկայացնում է քաղաքականություն՝ ուղղված արտահանման ծավալների ավելացմանը: Մասնավորապես, ռազմավարաության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղեր:

«Փորձել ենք բացահայտել մեր երկրի արդյունաբերական ներուժը՝ ըստ ճյուղերի, գնահատել, թե ինչպիսի հումքային, ինտելեկտուալ և ենթակառուցվածքային ռեսուրսներ ունենք»,- ասել է վարչապետը: Նա նշել է, որ առաջին երեք ճյուղերի՝ կոնյակագործության, դեղագործության և ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են, որոնք քննարկվել են Հանրապետության Նախագահի գլխավորությամբ՝ մասնավոր հատվածի հետ միասին: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այս ոլորտներում առկա ռազմավարական ծրագրերը ենթադրում են արտահանման ծավալների կտրուկ ավելացում:

Մասնավորապես, ծրագրվում է մինչ 2020 թվականը կոնյակի արտահանման ծավալները եռապատկել, իսկ դեղերի արտահանմանը՝ քառապատկել: 

«Մեր նպատակն է՝ պետություն-մասնավոր համագործակցության ներքո ավելացնել մեր երկրի արդյունաբերական հզորությունները և արտահանումը: Ռազմավարության մեջ հստակ ֆիքսվել է, թե որ մարմինն ինչ աշխատանք պետք է իրականացնի: Սա լուրջ քայլ է, քանի որ Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն ունենալու է արդյունաբերական ռազմավարություն՝ ճյուղային գերակայություններով»,- նշել է կառավարության ղեկավարը:

Share