Բաժին. Տնտեսական

ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԻ ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Ամերիկացի հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամը գնել է ծրագրային ապահովման ոլորտում առաջատար ամերիկյան IBM ընկերության արժեթղթեր: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 10.7 մլրդ դոլար: Այս մասին տեղեկացրել է Ուորեն Բաֆեթը` ամերիկյան CNBC հեռուստաընկերության տված իր հարցազրույցում: Ամերիկացի հաջողակ գործարարը նշել է, որ IBM ընկերության արժեթղթեր սկսել է գնել դեռևս 2011 թվականի մարտ ամսից: Այսօր արդեն Ուորեն Բաֆեթին են պատկանում IBM ընկերության շուրջ 64 մլն արժեթուղթ (կամ ընկերության արժեթղթերի շուրջ 5.5%-ը):

Ուորեն Բաֆեթի այս հայտարարությունից հետո IBM-ի արժեթղթերի գները սկսել են բարձրանալ:

Նշենք, որ ներկայումս IBM ընկերությունն իրականացնում է արժեթղթերի հետգնման քաղաքականություն: 2011 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ընկերությունը բաց շուկայից ձեռք է բերել 12.2 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ` սեփական թողարկման արժեթղթեր:

Սպասվում է, որ մինչև 2015 թվականն IBM-ի մեկ արժեթղթի գինը կհատի  20 դոլարի սահմանագիծը: Այսօր ընկերության մեկ արժեթուղթն արժե 13.35 դոլար:

Հատկանշական է, որ մեկնաբանելով ՏՏ ոլորտի հանդեպ ցուցաբերած իր մեծ «ներդրումային հետաքրքրվածությունը»` Ուորեն Բաֆեթն ընդգծել է, որ չի պատրաստվում գնել Microsoft ընկերության բաժնետոմսեր` չնայած այն հանգամանքին, որ ջերմ ընկերական հարաբերությունների մեջ է այդ ընկերության հիմնադիր Գիլ Գեյթսի հետ:

Share