Բաժին. Տնտեսական

ՆԱԽԱՐԱՐ. «ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԼԻՈՎԻՆ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ»

Երեկ` նոյեմբերի 16-ին, Կոտայքի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այցելել է Նոր Հաճնի «Լորի» և «Արևակն» ադամանդագործական ձեռնարկություններ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մամուլի ծառայությունից` իր այցի շրջանակներում Տիգրան Դավթյանը, շրջելով ձեռնարկությունների տարածքով, ծանոթացել է ընկերությունների արտադրական գործընթացներին և հնարավորություններին:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ հստակ կարելի է ասել, որ ոլորտը ոչ միայն դուրս է եկել ճգնաժամից, այլև ավելացնում է իր արտադրական ծավալները: «Կարծում եմ` մինչև տարեվերջ մենք կհասնենք նախաճգնաժամային ծավալներին, իսկ արտահանման ծավալներով նույնիսկ կգերազանցենք», – ասել է Տիգրան Դավթյանը` հավելելով, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ոլորտում բարենպաստ միջավայր ստեղծելու համար, այդ թվում նաև հումքի մատակարարման խնդրի լուծման ուղղությամբ:

Նշենք, որ «Արևակն» ընկերությունը 2011 թվականի 10 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրել է արտադրության ծավալների 142,7% աճի տեմպ: Արդյունքում, արտադրանքն ամբողջությամբ արտահանվել է: Ընկերությունում աշխատում է 126 մարդ: «Արևակն» ընկերությունը վերամշակման համար անհրաժեշտ հումքը հիմնականում ձեռք է բերում «Ալռոսա» ընկերությունից:

«Լորի» ընկերությունը «Ալռոսա» ընկերության հետ համագործակցում է 2007 թվականից և վերամշակման համար անհրաժեշտ հումքը, նույնպես, հիմնականում ձեռք է բերում հենց այդ ընկերությունից:  «Լորի» ընկերության թողարկված արտադրանքը 2011 թվականի 10 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրել է 57,7% անկում: Արտադրանքն ամբողջությամբ արտահանվել է: Ընկերությունում աշխատում է 121 մարդ:

Share