Բաժին. Տնտեսական

ՏՀԶԿ-Ն ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) վերանայել է Եվրագոտու տնտեսության հետագա զարգացման վերաբերյալ իր կանխատեսումները և որոշ ցուցանիշների գծով ներկայացրել առավել վատատեսական սպասումներ:

Այսպես, ըստ նոր կանխատեսումների` ընթացիկ տարվա արդյունքներով Եվրագոտում կգրանցվի  համախառն ՀՆԱ-ի 1.6% աճ: Միևնույն ժամանակ, 2012 թվականի համար կանխատեսվում է ցուցանիշի ընդամենը 0.2% աճ, իսկ 2013 թվականի համար` 1.4% աճ: Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով Եվրագոտու ՀՆԱ-ն գրանցել էր 1.7% աճ և տարեվերջին, ընթացիկ շուկայական գներով, կազմել 9.1 տրիլիոն եվրո:

Ինչպես նշվում է ՏՀԶԿ նոր զեկույցում`  Եվրոգոտու անդամ 17 երկրների համախառն պետական պարտքի ու ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2011 թվականի արդյունքներով կկազմի 95.6%, իսկ արդեն 2012 և 2013 թվականններին զգալի կաճի ու կսահմանվի համապատասխանաբար 97.9% և 98.2% մակարդակներում: Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով Եվրոգոտու անդամ երկրների համախառն պետական պարտքի ու ՀՆԱ-ի հարաբերակցությունը կազմել էր 92.9%:

Հատկանշական է, որ ՏՀԶԿ-ն նվազեցրել է նաև Եվրագոտու անդամ բոլոր երկրների պետական բյուջեների համախառն պակասուրդի և տարածաշրջանի ընդհանուր ՀՆԱ-ի հարաբերակցության կանխատեսվող մակարդակը: Այսպես, ընթացիկ տարվա համար կանխատեսվում է, որ այս ցուցանիշի կտատանվի 4%-ի սահմաններում:

Նշենք նաև, որ ՏՀԶԿ նոր կանխատեսումների համաձայն` 2012 թվականին համաշխարհային տնտեսությունը կգրանցի 3.4% աճ:

Share