Բաժին. Տնտեսական

PWC. ԽԱՂԱՏՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱՊԱՀՈՎԵԼ ՄԵԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

PricewaterhouseCoopers (PwC) աուդիտորական ընկերությունն ուսումնասիրել է աշխարհի տարբեր անկյուններում գործող բազմաբնույթ խաղատների և վերջիններիս կողմից առաջարկվող շահումով խաղերից ստացվող եկամուտներն ու ստացված արդյունքների հիման վրա հրապարակել իր «Global Gaming Outlook: The casino and online gaming market to 2015» զեկույցը: Համաձայն այս զեկույցի` խաղային բիզնեսի համաշխարհային եկամուտներն առաջիկա մի քանի տարիների ընթացքում կաճեն տարեկան միջինը 9.2%-ով և արդեն 2015 թվականին կկազմեն 182.8 մլրդ դոլար: Համեմատության համար նշենք, որ ըստ PwC-ի գնահատականների` 2010 թվականի արդյունքներով ամբողջ աշխարհում խաղային բիզնեսի ապահոված եկամուտները կազմել են 117,6 մլրդ դոլար:

Հատկանշական է, որ PwC-ի վերլուծաբանների կանխատեսմամբ` արդեն 2013 թվականին Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն իր խաղային բիզնեսի եկամուտներով առաջ կանցնի ԱՄՆ-ից: Սպասվում է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղային բիզնեսի եկամուտները կկազմեն 79.3 մլրդ դոլար, մինչդեռ ամերիկյան խաղատներն այս նույն ժամանակահատվածում կապահովեն 73.3 մլրդ դոլարի եկամուտ:

Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ 2015 թվականին Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում խաղային բիզնեսի եկամուտները կկազմեն 18.3 մլրդ դոլար: Լատինական Ամերիկան այս նույն ժամանակահատվածում խաղային բիզնեսի ոլորտում կապահովի 5.6 մլրդ դոլարի եկամուտ:

Share