Բաժին. Տնտեսական

ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ «ՎԵՐԱՓՈԽԵԼ» ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ

Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները վստահ են` եվրոպական պարտքային ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ է և պարտադիր, որ Եվրամիության անդամ երկրները ստորագրեն նոր համաձայնագիր: Այս մասին հայտարարել են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` ամփոփելով եվրոպական պարտքային ճգնաժամի հաղթահարման ուղիների բացահայտման նպատակով Փարիզում կայացած բանակցությունների արդյունքները:

Ենթադրվում է, որ նոր համաձայնագրի շրջանակներում կուժեղացվի վերահսկողությունը ԵՄ անդամ երկրների բյուջեների նկատմամբ, ինչպես նաև կկիրառվեն պատժամիջոցներ` բյուջետային պակասուրդի թույլատրելի մակարդակը գերազանցած երկրների նկատմամբ:

Ֆրանսիայի նախագահի հայտարարության համաձայն` նոր եվրահամաձայնագիրը պետք է պատրաստ լինի ստորագրմանն արդեն 2012 թվականի մարտ ամսին: Հակառակ դեպքում, Նիկոլա Սարկոզիի պնդմամբ, եվրոպական պարտքային ճգնաժամի առավել խորացումն անխուսափելի կլինի:

Նշենք, որ դեկտեմբերի 9-ին նախատեսվում է ԵՄ համաժողով, որի շրջանակներում նախ կհաստատվի եվրոպական պարտքային ճգնաժամի հաղթահարման փաթեթն, ապա կմեկնարկի նաև ԵՄ նոր համաձայնագրի վերաբերյալ քննարկումների գործընթացը:

Նշենք, որ Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից առաջարկվող նոր Եվրահամաձայնագրով նախատեսվում է.

– Պատժամիջոցներ կիրառել ԵՄ անդամ բոլոր երկրների նկատմամբ, որոնց բյուջեների պակասուրդը կհատի թույլատրելի 3%-ի սահմանը,

– Սահմանել «ոսկե կանոն», որը կարգելի առանց Եվրոպական դատարանի թույլտվության ֆինանսավորել պետական բյուջեի պակասուրդը,

– Կազմակերպել Եվրագոտու կառավարման խնդիրներին նվիրված ամսական համաժողովներ` Եվրոպական պարտքային ճգնաժամի հաղթահարման ողջ ժամանաակհատվածում:

Share