Բաժին. Տնտեսական

DEUTSCHE BANK. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՌԻՍԿԵՐԸ

Գերմանական Deutsche bank-ը հրապարակել է 2012 թվականին համաշխարհային տնտեսության հնարավոր զարգացումների վերաբերյալ իր կանխատեսումները` առանձնացնելով համաշխարհային ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող 10 առավել վտանգավոր ռիսկերը: Այսպես, ըստ Deutsche bank-ի` համաշխարհային տնտեսությանը սպառնացող ամենամեծ վտանգը Եվրագոտու կազմից Հունաստանի հավանական դուրս գալն է: Նման զարգացման դեպքում, ըստ Deutsche bank-ի վերլուծաբանների, Հունաստանի ողջ բանկային համակարգը կփլուզվի և երկրի ՀՆԱ-ն կգրանցի ավելի քան 30% անկում:

Միևնույն ժամանակ, որպես համաշխարհային տնտեսությանը սպառնացող վտանգներ նշվել են նաև Իտալիայի և Իսպանիայի պետական պարտքերի վերակազմավորման գործընթացները, ԱՄՆ-ում ճգնաժամի կրկնվելու հավանականությունը, Ֆրանսիայի վարկային վարկանիշի հնարավոր անկումը, Չինաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղումը, եվրոպական բանկերի վարկային «ծանրաբեռնվածության» նվազումն ու հումքային շուկաներում իրացվելիության հետ կապված խնդիրների առաջացումը:

Deutsche bank-ի վերլուծաբանների կանխատեսումներով` 2012 թվականն, ընթացիկ տարվա համեմատությամբ, համաշխարհային տնտեսության համար, ընդհանուր առմամբ, կլինի առավել բարենպաստ: Սպասվում է, որ հաջորդ տարի զարգացող տնտեսությունները կգրանցեն աճի տեմպերի արագացում, ինչը, սակայն, կուղեկցվի բարձր գնաճով:

Share