Բաժին. Տնտեսական

ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 20%-ՈՎ

2011 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստանի բանկային համակարգի միջոցով մեր երկրի քաղաքացիների անունով արտերկրից ստացվել են 1238.0 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով տրանսֆերտներ: ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն` այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 20%-ով: Նշենք, որ 2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան հոսած տրանսֆերտների ընդհանուր ծավալը կազմել էր 1016.5 մլն ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, հաշվետու այս ամիսներին Հայաստանից դեպի արտասահման ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային նպատակով իրականացված դրամային փոխանցումների ծավալը կազմել է 214.8 մլն դոլար: Ցուցանիշը, տարեկան կտրվածքով, աճել է 21%-ով:

Արդյունքում, հունվար-հոկտեմբեր ամիսներին ֆիզիկական անձնանց անունով դեպի Հայաստան իրականացված մասնավոր փոխանցումների ծավալն ավելի քան 5 անգամ գերազանցել է ոչ առևտրային նպատակներով Հայաստանից դեպի արտերկիր կատարված փոխանցումների ծավալը:

Նշենք նաև, որ 2011 թվականի առաջին 10 ամիսներին միայն Ռուսաստանից դեպի Հայաստան ոչ առևտրային նպատակով իրականացված փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 1031.8 մլն դոլար: Արդյունքում` այս երկիրը, որպես տրանսֆերտների հիմնական աղբյուր, ապահովել է Հայաստան հոսած տրանսֆերտների ընդհանուր ծավալի ավելի քան 80%-ը:

Հունվար-հոկտեմբերին ԱՄՆ-ից ստացված տրանսֆերտների ընդհանուր ծավալը կազմել է 60 մլն դոլար, Ուկրաինայից ստացված տրանսֆերտների ծավալը`21 մլն դոլար:

Share