Բաժին. Տնտեսական

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՐԴԵՆ ԱՀԿ ԱՆԴԱՄ Է

Ռուսաստանը պաշտոնապես ճանաչվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ: Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիուլինան և ԱՀԿ ղեկավար Պասկալ Լամինը` այս կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ փաստաթղթերի ողջ փաթեթն ԱՀԿ-ի կողմից վերջնական հաստատման արժանանալուց հետո: Այժմ նախատեսվում է ԱՀԿ-ին անդամակցության վերաբերյալ փաստաթղթերի «տեղայնացում» Ռուսաստանում, որից հետո արդեն այս երկիրը կդառնա ԱՀԿ լիիրավ անդամ` այդ անդամակցությունից բխող բոլոր իրավունքներով ու պարտականություններով:

Ռուսաստանի տնտեսության ընդհանուր ծավալը գնահատվում է 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլար, և տնտեսության նման մեծ ծավալով Ռուսաստանը միակ երկիրն էր, որը դեռևս չէր միացել ԱՀԿ-ին: Վերլուծաբանների գնահատմամբ` ԱՀԿ-ին անդամակցության արդյունքում ՌԴ-ի տնտեսությունը, երկարաժամկետ հեռանկարում, կապահովի11% աճ:

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամացության բանակցություններն ընթացել են շուրջ 17 տարի:

ԱՀԿ կանոնների համաձայն` կազմակերպության անդամ բոլոր երկրներն իրավունք ունեն «արգելել» նոր երկրի մուտքը ԱՀԿ: Այս դեպքում ԱՀԿ անդամ դառնալու ցանկություն հայտնած երկիրը պարտավորվում է բանակցություններ վարել բացարկ ներկայացրած երկրի հետ: Այս համատեքստում, երկար ժամանակ Ռուսաստանի մոտ «չէր ստացվում» երկկողմ բանակցությունները Վրաստանի հետ:

Share