Բաժին. Տնտեսական

ԱԶԱՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ 39-ՐԴՆ Է

Heritage Foundation-ը հրապարակել է աշխարհի ամենաազատ տնտեսությամբ երկրների վարկանիշը, որն այս տարի ևս` արդեն 18 տարի անընդմեջ գլխավորում է Հոնկոնգը: Վարկանիշի առաջին հնգյակում հայտնվել են նաև Սինգապուրը, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Շվեյցարիան` զբաղեցնելով համապատասխանաբար 2-րդից 5-րդ հորիզոնականները: Հայաստանն աշխարհի ազատ տնտեսությամբ երկրների վարկանիշում 39-րդն է: Միևնույն ժամանակ, միայն եվրոպական տարածաշրջանի 43 երկրների շարքում Հայաստանը 19-րդն է:

Նշենք, որ տնտեսական ազատության ինդեքսը հաշվարկվում է` իր հիմքում ունենալով աշխարհի տարբեր երկրներում գործող օրենքների արդյունավետության ու գերակայության աստիճանը, շուկաների բացության մակարդակն, ինչպես նաև պետական պաշտոնյաների և վերահսկող մարմինների թվաքանակը:

Հատկանշական է, որ վարկանիշի հեղինակներն աշխարհի տարբեր երկրների համապատասխան ցուցանիշների ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ վերջին տարիներին աշխարհում տնտեսական ազատությունն, ընդհանուր առմամբ, նվազել է: Նման զարգացումն, ըստ վերլուծաբանների, բացատրվում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում տնտեսական գործընթացներում պետական միջամտության խորացմամբ:

Նշենք, որ աշխարհի ազատ տնտեսության երկրների վարկանիշում ԱՄՆ-ն 10-րդն է, Չինաստանը` 138-րդը, Մեծ Բրիտանիան` 14-րդը, Ռուսաստանը` 144-րդը: Մեր հարևան երկրներից Վրաստանը հայտնվել է վարկանիշի 34-րդ հորիզոնականում, իսկ Ադրբեջանը` 91-րդ հորիզոնականում:

Share