Բաժին. Տնտեսական

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ. «2012Թ.-Ի ՀԱՄԱՐ ՆԱԽԱՆՇՎԵԼ Է 3 ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐ»

Այսօր` հունվարի 24-ին, տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է 2012 թվականի ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը:

Ըստ Տիգրան Դավթյանի` 2012թ.-ը լինելու է տրամաբանական շարունակությունը այն ծրագրերի և խնդիրների, որոնք իրականացվել են 2011թ.-ին: Նախարարի խոսքով` 2012թ. նախարարության գերակա խնդիրներն են` արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության իրականացումը, Համաշխարհային բանկի խմբի «գործարարությամբ զբաղվելը» (doing business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի բարձրացման ապահովումը և ՀՀ-ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը և հետագա բանակցային ուղղությունների ամրագրումը:

Հիշեցնենք, որ ելնելով մեր տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներից` ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ակտիվ արդյունաբերական քաղաքականության իրականացում: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության բնորոշմամբ` ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունն արտահանման զարգացման ներուժ ունեցող ոլորտների միջազգային մրցունակության բարձրացմանն ուղղված հավասարակշռված և փուլային միջոցառումների համախումբ է, որի նպատակն է ապահովել արտահանման աճը և դիվերսիֆիկացիան: Արդյունաբերական քաղաքականության թիրախը վերամշակող արդյունաբերության ճյուղերի և համալիրների զարգացումն է:Ռազմավարությամբ նախանշված արտահանման տեսանկյունից հեռանկարային 11 ոլորտներից` մեկնարկային փուլում ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կոնյակագործության համար արդեն իսկ մշակվել են ոլորտային ռազմավարություններ: Աշխատանքներ են տարվում մյուս 8 ոլորտների ռազմավարությունների և դրանց իրականացումն ապահովող միջոցառումների մշակման ուղղությամբ:

Share