Բաժին. Տնտեսական

ԱՄՀ. 2012Թ.-ԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ 3.3% ԱՃ

Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել և արդյունքում իջեցրել է 2012 և 2013 թվականների համար համաշխարհային տնտեսության աճի կանխատեսվող ցուցանիշները: Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներին նվիրված ԱՄՀ նոր` World Economic Outlook զեկույցի համաձայն` 2012 թվականին համաշխարհային տնտեսությունը կգրանցի 3.3% աճ, 2013 թվականին` 3.9% աճ: Նշենք, որ իր նախորդ կանխատեսումներում ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար կանխատեսել էր աճի համեմատաբար բարձր ցուցանիշներ (համապատասխանաբար 4% և 4.5%):

Ինչպես նշվում է ԱՄՀ նոր զեկույցում` համաշխարհային տնտեսության աճի կանխատեսվող ցուցանիշների անկումը նախ և առաջ պայմանավորված է եվրոպական պարտքային ճգնաժամի հնարավոր խորացման ռիսկով և համաշխարհային ֆինանսական շուկաների աճող անկայունությամբ: «Համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացը դեռևս վտանգված է: Եվրագոտում աճող լարվածությունը ու համաշխարհային ֆինանսական համակարգի բացասական զարգացումները «զսպում են» համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները` առաջ բերելով ընդհանուր իրավիճակի առավել բարդացման ռիսկեր», – նշվում է ԱՄՀ զեկույցում:

Իր նոր կանխատեսումներում ԱՄՀ-ն զարգացած երկրների համար կանխատեսել է «զսպված» տնտեսական աճ: Ըստ ԱՄՀ վերլուծաբանների` 2012 և 2013 թվականներին զարգացած երկրները կապահովեն համապատասխանաբար 1.2% և 1.9% տնտեսական աճ: Ընդ որում, միայն ԱՄՆ տնտեսության համար այս ցուցանիշները կտատանվեն 1.8%-ի և 2.2%-ի սահմաններում:

Ինչ վերաբերում է Եվրագոտու տնտեսության հեռանկարներին, ապա ԱՄՀ կանխատեսումներն այս ուղղությամբ վատատեսական են: Կանխատեսվում է, որ 2012 թվականի արդյունքներով Եվրագոտում կգրանցվի 0,5% տնտեսական անկում, ընդ որում` առավել մեծ տնտեսական անկում կգրանցվի Իտալիայում և Իսպանիայում: Միևնույն ժամանակ, 2013 թվականի համար կանխատեսվում է Եվրագոտու տնտեսության ընդամենը 0.8% աճ:

Նշենք նաև, որ 2012 թվականի համար ԱՄՀ կանխատեսում է գնաճի տեմպերի անկում: Այսպես, զարգացած երկրներում 2012 թվականին գնաճը կտատանվի 1.6%-ի սահմաններում, իսկ զարգացող երկրներում` 6.2%-ի սահմաններում:

ԱՄՀ նախնական գնահատականներով` 2011 թվականին համաշխարհային տնտեսությունը գրանցել է 3.8% աճ: Նշենք, որ 2010 թվականին համաշխարհային տնտեսությունն ապահովել էր  5.2% աճ:

Share