Բաժին. Տնտեսական

10 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ` ՀՈՆԿՈՆԳԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Հաստատվել է Հոնկոնգի 2012 ֆինանսական տարվա բյուջեն: Ըստ այս ֆինանսական փաստաթղթի` ընթացիկ տարում Հոնկոնգի տնտեսության խթանմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը պետական միջոցներից կհատկացվի շուրջ 10.3 մլրդ դոլար: Այս գումարները կուղղվեն նոր ենթակառուցվածքների կառուցմանը, հարկային արտոնությունների սահմանմանն ու տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերություններին արտոնյալ վարկերի տրամադրմանը: Ենթադրվում է, որ նախատեսվող այս միջոցառումները կնպաստեն ներքին պահանջարկի աճին և այդ կերպ կզսպեն ՀՆԱ-ի հնարավոր կտրուկ անկումը:

Նշենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Հոնկոնգում գրանցվել է տնտեսական ակտիվության անկում: Կես տարվա ընթացքում այստեղ գրանցվել է անշարժ գույքի գների 6% անկում: Միևնույն ժաանակ, ֆինանսական ոլորտը, որն ապահովում է Հոնկոնգի ՀՆԱ-ի շուրջ 20%-ը, գտնվում է անկայուն վիճակում: Հոնկոնգում գործող մի շարք միջազգային ֆինանսական կառույցներ արդեն իսկ հայտարարել են աշխատատեղերի կրճատման իրենց մտադրության մասին: Հոնկոնգի տնտեսության համար բավականին բացասական ռիսկեր է իր հետ բերում նաև արտաքին տնտեսական իրավիճակի ընդհանուր վատթարացումը:

Ըստ պաշտոնական կանխատեսումների` 2011 թվականի 4-րդ եռամսյակում Հոնկոնգի տնտեսությունը գրանցել է ընդամենը 0.5% աճ, իսկ գործազրկության մակարդակն աճել է` հասնելով 4.4%-ի:

Share