Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼԸ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ

2011 թվականին Հայաստանը գրանցել է հարևան երկրների հետ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի աճ: Այսպես, նախորդ տարի Իրանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 13%-ով և կազմել 323.4 մլն դոլար: Թուրքիայի հետ մեր երկրի առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 14%-ով և կազմել 241.8 մլն դոլար: Միևնույն ժամանակ, Վրաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալն աճել է 18%-ով և կազմել 122.0 մլն դոլար: Արդյունքում, նախորդ մեկ տարում Իրանին բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի 5.9%-ը, Թուրքիային` 4.4%-ը, իսկ Վրաստանին` 2.2%-ը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2011 թվականին Իրանից Հայաստան ներմուծման ծավալն աճել է 12%-ով և կազմել 229.0 մլն դոլար, Հայաստանից Իրան արտահանումն աճել է 25%-ով` կազմելով 106.2 մլն դոլար: Միևնույն ժամանակ, Վրաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 247.1 մլն դոլար (աճը` շուրջ 9%), Հայաստանից Վրաստան արտահանումը` 61.8 մլն դոլար (աճը` 26%):

2011 թվականին Թուրքիայից Հայաստան ներմուծումն աճել է 9.4%-ով` կազմելով 205.2 մլն դոլար, մինչդեռ Հայաստանից Թուրքիա արտահանումը նվազել է 19%-ով և կազմել 1.0 մլն դոլար:

Այսպիսիով, 2011 թվականին Իրանից Հայաստան ներմուծման ծավալը Հայաստանից Իրան արտահանման ծավալը գերազանցել է ավելի քան 2 անգամ: Վրաստանից Հայաստան ներմուծումը Հայաստանից Վրաստան արտահանումը գերազանցել է 4 անգամ: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս երկրից մեր երկիր ներմուծված ապրանքների համախառն ծավալը գերազանցել է Հայաստանից Թուրքիա արտահանման ծավալը շուրջ 200 անգամ:

Share