Բաժին. Տնտեսական

ԱՅՍՈՒՀԵՏ «ԼԱՎ» ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ԱՌԱՆՑ ԱՃՈՒՐԴԻ

ՀՀ կառավարությունը որոշել է պարզեցնել տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի («գոլդ») տրամադրման գործընթացը: Այս նպատակով համապատասխան փոփոխություններ և լրացում կատարելով իր նախկին որոշումներից երեքում և ուժը կորցրած ճանաչելով ևս մեկը` գործադիրը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնում ցանկացած պահի` առանց աճուրդի անցկացման օրվան սպասելու, ձեռք բերել նման համարանիշեր, որոնք դեռևս չեն տրամադրվել այլ անձանց։ 

Որոշման ընդունման անհրաժեշտությունն, ըստ կառավարության, պայմանավորված է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացմանն առավել մեծ թվով անձանց ներգրավելու, ոլորտում առկա որոշակի խնդիրների վերացման միջոցով անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու հանգամանքով:

Նշենք, որ մինչ այժմ գործող կարգի համաձայն` յուրաքանչյուր քսան օրը մեկ անգամ կազմակերպվում  էր տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի աճուրդ:

Ներկայացվող նախագծով նախատեսվում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերը աճուրդով հատկացնելու փոխարեն դրանք տրամադրել Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին տվյալ չափորոշիչին համապատասխանող համարանիշերի համար լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում: 

Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին չափորոշիչներից դուրս` տրվող հերթականության խախտմամբ համարանիշերը (ցանկալի համարանիշեր) հատկացվելու են 36.000 ՀՀ դրամի ( 60.000 ՀՀ դրամի փոխարեն) վճարման դեպքում: Միևնույն ժամանակ, «լավ» համարանիշերը կարժենան մինչև 5 մլն ՀՀ դրամ:

Share