Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 4.4% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

Ընթացիկ տարվա առաջին ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա համեմատությամբ, ՀՀ-ում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 53.6% անկում, ինչը մեծապես պայմանավորվել է «հետամանորյա պասիվությամբ»: Միևնույն ժամանակ, հաշվետու այս մեկ ամսում, տարեկան կտրվածքով, տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցել է 4.4% աճ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ամփոփ վիճակագրական ցուցանիշների համաձայն` 2012 թվականի հունվարի ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 71597.4 մլն դրամ` ամսական կտրվածքով գրանցելով շուրջ 28.2% անկում: Տարեկան կտրվածքով արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալն աճել է 21%-ով:

Գյուղատնտեսության ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է 1.0% աճ, իսկ ամսական կտրվածքով` շուրջ 67.9% անկում: Արդյունքում, հունվարին ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 15787.3 մլն դրամ:

Ինչ վերաբերում է շինարարության ոլորտին, ապա այստեղ գրանցվել են «վերակենդանացման» միտումներ: Հունվարին, տարեկան կտրվածքով, ՀՀ շինարարության ոլորտում գրանցվել է 0.5% աճ: Միևնույն ժամանակ, ամսական կտրվածքով գրանցվել է շինարարության համախառն ծավալի անկում: Սեզոնային գործոններով ու «հետտոնական տրամադրություններով» պայմանավորված` այդ անկումը կազմել է 90%: Հունվարի ՀՀ շինարարության համախառն ծավալը կազմել է 8580.1 մլն դրամ:

Նշենք նաև, որ հունվարին ՀՀ-ում առևտրի շրջանառությունը կազմել է 105923.6 մլն դրամ: Ցուցանիշը տարեկան կտրվածքով գրեթե չի փոփոխվել, իսկ ամսական կտրվածքով, դեկտեմբերյան առևտրային «բումից» հետո, նվազել է 66%-ով: Ծառայությունների ծավալը կազմել է 68275.2 մլն դրամ` տարեկան տրվածքով աճելով շուրջ 6.7%-ով:

Share