Բաժին. Տնտեսական

ԵՄ. ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՆԴԱՄԱԿՑԵՆ SWIFT ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

Եվրամիության (ԵՄ) ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները մտադիր են իրանական բանկերն «անջատել» բանկային տեղեկատվության փոխանցման և դրամական փոխանցումների SWIFT միջազգային համակարգից: Associated Press-ի փոխանցմամբ` ներկայումս այս հարցի շուրջ ընթանում են լայնածավալ քննարկումներ:

Նշենք, որ SWIFT համակարգից իրանական բանկերի «անջատումը» կլինի իր բնույթով աննախադեպ քայլ` ուղղված ընդդեմ երկրի կառավարությանն ու վերջինիս դիրքորոշմանը` միջուկային զենքի մշակման հարցի շուրջ:

Իրանական կողմի արձագանքն այս կապակցությամբ դեռևս հայտնի չէ: Միևնույն ժամանակ, սակայն, պետք է նկատել, որ դեպի SWIFT համակարգ Իրանի «մուտքի» արգելափակումը բավականին լուրջ խնդիրների պատճառ կդառնա: Այս երկիրն ուղղակիորեն չի կարող  որևէ գործառնություն իրականացնել իր արտաքին առևտրատնտեսական գործընկերների հետ:

SWIFT (Society for Worldwide Interbank Financial Telecommunications) համակարգը հիմնադրվել է 1973 թվականին: Ներկայումս այս համակարգը սպասարկում է ավելի քան 10 հազար ֆինանսական կազմակերպությունների, որոնք ներկայացված են աշխարհի գրեթե յուրաքանչյուր երկրում: SWIFT-ի գլխավոր գրասենյակը Բրյուսելում է:

Share