Բաժին. Տնտեսական

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԻԿ

Bloomberg գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց իր վարկանիշային աղյուսակը: Այն գլխավորում է մեքսիկացի գործարար Կարլոս Սլիմն, ում կարողությունը գործակալությունը գնահատել է 68,5 մլրդ ԱՄՆ դոլար: Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն է` իր 62,4 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Առաջատար եռյակը եզրափակում է ամերիկացի հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը: Վերջինիս  կարողությունը, Bloomberg-ի գնահատմամբ, կազմում է  43,8 մլրդ ԱՄՆ դոլար:

Աշխարհի հարուստ մարդկանց վարկանիշի չորրորդ հորիզոնականում IKEA խանութների ցանցի հիմնադիր Ինգվար Կամպրադն է (42.5 մլրդ ԱՄՆ դոլար), ով միաժամանակ ճանաչվել է նաև Եվրոպայի ամենահարուստ մարդը:

Աշխարհի հինգերորդ ամենահարուստ մարդը եվրոպացի Բերնար Արնոն է, ով Moet Hennessy Louis Vuitton ընկերության սեփականատերն է և ունի 42.3 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներ:

Նշենք նաև, որ Ասիայի ամենահարուստ մարդը ճանաչվել է հնդիկ գործարար, Reliance Industries ընկերության հիմնադիր Մուկեշ Ամբանին, ում կարողությունը գնահատվել է 26.8 մլրդ ԱՄՆ դոլար: Նա հայտնվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի 11-րդ հորիզոնականում:

Bloomberg գործակալության կողմից հրապակված` աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակի քսանյակում չի ընդգրկվել ոչ մի ռուս գործարար: Միաժամանակ, ամենահարուստ ռուս գործարար ճանաչվել է Ալիշեր Ուսմանովը, ում կարողությունը գնահատվել է 20,1 մլրդ ԱՄՆ դոլար:

Share