Բաժին. Տնտեսական

6 ՀԱՅ` FORBES-Ի ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2012 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը: Այս տարվա միլիարդատերերի ցուցակում հայտնվել են 6 հայ գործարարներ:

Այսպես, 94-ամյա Քըրք Քրքորյանն, ում կարողությունը մեկ տարվա ընթացքում կրճատվել է շուրջ 0.2 միլիարդ ԱՄՆ դոլալով և ներկայումս գնահատվում է 3.3 միլիարդ ԱՄՆ դոլար, շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ հայը: Այս տարի նա զբաղեցնում է ցուցակի 344-րդ հորիզանականը (2011 թվականին Քըրք Քրքորյանը աշխարհի միլիարդատերերի ցուցակում 310-րդն էր): ԱՄՆ հարուստ մարդկանց վարկանիշում Քըրք Քրքորյանը 113-րդն է:

Forbes-ի ցուցակի 634-րդ հորիզոնականում է հայտնվել 40-ամյա Դանիլ Խաչատուրովը, ում կարողությունը գնատավում է 2 միլիարդ ԱՄՆ դոլար: Մեկ տարվա ընթացքում Դանիլ Խաչատուրովի կարողությունն աճել է շուրջ 0.5 միլիարդ ԱՄՆ դոլարով: Ռուսաստանի հարուստ մարդկանց վարկանիշում Խաչատուրովը 42-րդն է:

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն այս տարի աշխարհի միլիարդատերերի վարկանիշում 719-րդն է` իր 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Հատկանշական է, որ 78-ամյա այս գործարարն Արգենտինայի 2-րդ հարուստ մարդն է:

Աշխարհի միլիարդատերերի վարկանիշի 804-րդ հորիզոնականն է զբաղեցնում «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, 46-ամյա Սամվել Կարապետյանն, ում կարողությունը գնահատվել է 1.6 միլիարդ ԱՄՆ դոլար: Ռուսաստանի հարուստների ցուցակում նա 61-րդն է:

Նիկոլայ ու Սերգեյ Սարկիսով եղբայրները, որոնց յուրաքանչյուրի կարողությունը կազմում է 1.2 միլիարդ ԱՄՆ դոլար,  հայտնվել են աշխարհի հարուստ մարդկանց վարկանիշի 1015-րդ հորիզոնականում: Ֆինանսական ոլորտում գործունեություն ծավալող Սարկիսով եղբայրերը Ռուսաստանի հարուստների վարկանիշում 75-րդն են:

Share