Բաժին. Տնտեսական

ՃԳՆԱԺԱՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՅՈՒՄ

Եվրոպական ավտոշուկայում անկումը շարունակվում է: 2012 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, Եվրամիության անդամ 27 երկրներում նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալները նվազել են շուրջ 10%-ով: Հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում Եվրոպայում վաճառվել է 888.8 հազար ավտոմեքենա: Այս մասին վկայում են եվրոպական ավտոարտադրողների ACEA ասոցիացիայի հրապարակած տվյալները:

Ըստ այս տվյալների` փետրվար ամսվա արդյունքներով Volkswagen Group-ի վաճառքի ծավալները նվազել են 2.6%-ով (211.0 հազար ավտոմեքենա), Peugeot-Citroen-ը գրանցել է 16.8% անկում (115.6 հազար ավտոմեքենա), Renault-ը` 24% անկում (84.6 հազար ավտոմեքենա):

Հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում եվրոպական ավտոշուկայում Ford-ի վաճառքի ծավալները նվազել են 7.9%-ով (66.0 հազար ավտոմեքենա), Fiat Group-ը գրանցել է 16.7% անկում (64.9 հազար ավտոմեքենա), Toyota-ն` 14.3% անկում (34.9 հազար ավտոմեքենա):

Միևնույն ժամանակ, Daimler-ին հաջողվել է ապահովել վաճառքի ծավալների 4.3% աճ (43.1 հազար ավտոմեքենա):  Այս նույն ժամանաակհատվածում Kia-ն գրանցել է վաճառքի 30% աճ (22.1 հազար ավտոմեքենա), Hyundai-ն` 5.8% աճ (29.9 հազար ավտոմեքենա),  Jaguar Land Rover-ը` 54.4% աճ (6.7 հազար ավտոմեքենա):

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա փետրվար ամսվա արդյունքներով գերմանական ավտոշուկայում վաճառվել է 224.3 հազար ավտոմեքենա: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ գրեթե չի փոփոխվել:

Տարածաշրջանի մյուս խոշոր երկրների ավտոշուկաներում գրանցվել է ավտոմեքենաների վաճառքի ծավալների անկում: Այսպես, Ֆրանսիայում գրանցվել է 20%, Իտալիայում` 18.9%, Մեծ Բրիտանիայում` 2.5%, Իսպանիայում` 2.1%, Հունաստանում` 45%, Պորտուգալիայում` 48% անկում:

Share