Բաժին. Տնտեսական

2011Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է 3.1 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ

2011 թվականին հայաստանյան ինտերնետ միջավայրում վճարային քարտերով իրականացվել է 12.9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով գործառնություն, որից միայն էլեկտրոնային առևտուրը կազմել է 3.1 մլրդ ՀՀ դրամ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների մնացյալ մասը բաժին է ընկել քարտից քարտ փոխանցումներին:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2011 թվականի միայն առաջին եռամսյակում ՀՀ-ում իրականացված էլեկտրոնային առևտրի ծավալը կազմել է 0.7 մլրդ ՀՀ դրամ, երկրորդ եռամսյակում՝ 0.7 մլրդ ՀՀ դրամ, երրորդ եռամսյակում՝ 0.8 մլրդ ՀՀ դրամ, չորրորդ եռամսյակում՝ 0.9 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ 2011թ. առաջին եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 145.6 մլրդ դրամի գործառնություն, որից քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է մոտ 11.6 մլրդ դրամ: Երկրորդ եռամսյակի արդյունքներով ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 182 մլրդ դրամի և 14.6 մլրդ դրամ, երրորդ եռամսյակի արդյունքներով՝ 188 մլրդ դրամ և 16.7 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ, չորրորդ եռամսյակում վճարային քարտերով իրականացվել է 224 մլրդ դրամի գործառնություն, այդ թվում՝  20.4 մլրդ դրամ ծավալով անկանխիկ վճարումներ:

2011 թվականի բոլոր չորս եռամսյակների արդյունքներով վճարային քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը չի գերազանցել  քարտային գործառնությունների 10%-ը:

2011 թվականի վերջի դրությամբ ՀՀ-ում շրջանառության մեջ գտնվող վճարային քարտերի ընդհանուր քանակը կազմել է 977.7 հազար:

Share